Հասարակություն 

Կանադայում թուրքերը չեն կարողացել չեղարկել Ցեղասպանության թեմայով ուսուցումը

Կանադայի թուրքերի ջանքերը չեղյալ հայտարարել Տորոնտոյի դպրոցներում հայոց  ցեղասպանության վերաբերյալ ուսումնական ծրագիրը տապալվել է. կրթության ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության թեմայով ուսուցումը շարունակվելու է առաջիկա տարիների ընթացքում: Այդ մասին գրում է «Rudaw» թերթը:


Կանադայի թուրքերն այս տարվա սկզբին ներկայացրել էին ավելի քան 2200 ստորագրության ինտերնետ-միջնորդագիր, որը կոչ էր անում Ցեղասպանության թեման հեռացնել Տորոնտոյի դպրոցական խորհրդի ուսումնական ծրագրից: Միջնորդագիրը պահանջում էր, որպեսզի Կանադայի խոշորագույն դպրոցական խորհուրդը հեռացնի ցեղասպանության վկայակոչումներն այն բանի հիման վրա, որ «անընդհատ վարկաբեկում է մեկ համայնքի վարկածն ընդդեմ մյուսի» եւ «բացասաբար է ազդում թուրքական կամ թյուրքական ժառանգությամբ սովորողների վրա»:


Հայոց ցեղասպանության թեման դասավանդվել է 2008թ.-ից միջին դպրոցի ծրագրի շրջանակներում «Ցեղասպանությունն ու մարդկության դեմ հանցագործությունները» անվան ներքո: Շրջանային խորհուրդը հաղորդել է, որ դասերն «առաջարկվում են դպրոցներից մեկում, որտեղ կա բավական քանակությամբ հետաքրքվածություն եւ «համապատասխանում են ոչ միայն կանադական կառավարության գծին, այլ նաեւ հարցն ուսումնասիրած գիտնականներին»: Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհուրդը, մամուլի քարտուղարի խոսքով, «մտադիր չէ առաջիկա տարիներին հեռացնել այն»:

Նույն շարքից