Հայաստան 

Միջազգային հարթակներում հայհոյելը չի տեղավորվում քաղաքական գործչի վարքագծի սահմաններում. Կարինե Աճեմյան

Ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական կյանքում կարևոր է տարածաշրջանային քաղական վիճակը, մասնավորապես այս պահին ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունները շատ լուրջ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա: Այս մասին այսօր Անալիտիկ մամուլի ակումբում խոսեց ԱԺ պատգամավոր ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:

Անդրադառնալով սպասվելիք փոփոխություններին, բանախոսն առաջին հերթին կարևորեց մեր ազգային գիտակցության և մտքի փոփոխությունը: Պետք է սկսել հենց այս կետից համոզված է նա: «Մենք տարիներ շարունակ ակցենտ ենք դրել պաշտոների վրա, ինտրիգների վրա, որոնք այդքան էլ կարևոր չեն: Այս մասին իր ելույթի ժամանակ խոսեց ՀՀ Նախագահը: Դրանք կոնկրետ ազդակներ էին՝ ուղղված և հասարակությանը, և պաշտոնյաներին և լրատվամիջոցներին, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը: Այս պարագայում պետք է մեզանից յուրաքանչյուրն այդ ելույթից եզրահանգումներ անի»:

Պատգամավորն անդրադարձավ ներկա ներքին քաղաքական լարվածությանը, որը տարբեր քաղաքական ուժերի և լրատվամիջոցների ավելորդ բախումների պատճառ է հանդիսանում՝ նշելով, որ ավելի կարևոր իրադարձություններ կան, որոնք դուրս են մնում հասարակության, հատկապես՝ ԶԼՄ-ների ուշադրությունից: Կոռումպացված չինովնիկների և քաղաքական գործիչների գործընթացների մասին խոսելիս Կարինե Աճեմյանն ասաց, որ այս հարցերի լուծման լավագույն տարբերակը իհարկե հեղափոխությունն է, որը պետք է կատարվի մեր մտքերում:

«Հին գործիքներով և հին մեխանիզմներով չենք կարող հասնել դրան: Նոր սահմանադրությամբ հին գործիքները չեն աշխատելու, մեզ անհրաժեշտ է նոր մտածելակերպ»: Որպես նոր գործելակերպի հավաստիք պատգամավորը անհրաժեշտ համարեց նոր ընտրական օրենսգրքի առկայությունը, ինչը կթելադրի նոր գործելակերպ, հետևաբար՝ նոր արդյուքներ: Պաշտոնավարման գործընթացների մասին պատգամավորը հույս հայտնեց, որ կգա մի ժամանակ, երբ ոչ թե պաշտոնյաները կձգտեն այս կամ այն պաշտոնին, այլ ինչպես բոլոր զարգացած պետություններում է, այլ նրանց կհամոզեն, որ գան պաշտոնի:

«Սա մեծ պատասխանատվություն է, երբ դու ստանձնում ես որևէ պաշտոն, պետք է ունենաս պետականության գիտակցում, անձնական պատասխանատվություն, որպեսզի երկրում խնդիրները վերջի վերջո լուծվեն: Այդ դեպքում բոլորը չէ, որ կձգտեն այդ աթոռներին, այլ պաշտոները կզբաղեցնեն բացառապես այն մարդիկ, ովքեր ունեն պետականության զգացում և կամք՝ իրագործելու ազգային նպատակները»: Այն հարցին, թե ինչպես է նա վերաբերում միջազգային հարթակներում ՝ մասնավորապես ԵԽԽՎ համաժողովի ընթացքում ՀՀ պաշտոնյաների ոչ պարկեշտ վարքագծին, քաղաքական գործիչը կարևորեց այն հանգամանքը, որ պետք է հասկանալ, որ ԵԽԽՎ համաժողովում Թուրքիան ներկայացնող պատգամավոր Մարգար Եսայանը, լինելով Թուրքիայի քաղաքացի և ներկայացնելով հենց Թուրքիան, լավագույն դեպքում կարող էր պարզապես չմասնակցել քվերակությանը,սակայն դա իրավունք չի տալիս որոշ մարդկանց հայհոյանքներով արտահայտվել նրա նկատմամբ:

«Մեծ հերոսություն չեմ համարում քվեարկությունից հետո մարդուն հայհոյելը: Պետք է կոռեկտ լինել և հասկանալ այն պարզ տրամաբանությունը, որ եթե պատգամավորը եկել հասել է այնտեղ, ուրեմն դա իր խնդիրն ու պատասխանաատվությունն է՝ որպես հայի»: Իհարկե քաղաքական գնահատականներ միշտ էլ կարելի է տալ և որակել այս կամ այն արարմունքը,սակայն ոչ հայհոյանքի տեսքով ավելացրեց բանախոսը:

«Մենք միայն կարող են ասել այն, որ լինելով հայ, նա պարզապես չպետք է գար և առավել ևս մասնակցեր քվերակությանը, իսկ եթե նման բան է տեղի ունեցել, ուրեմն չպետք է բացառել այն իրողությունը, որ նրա առջև նույնպես կոնկրետ խնդիրներ են դրված եղել, ինչն էլ նրան ստիպել է այդպես վարվել: Սա քաղաքականություն է, և պետք է քաղաքական գործիչն էլ ունենա համապատասխան մտածելակերպ և գործելաոճ: Հայհոյանքը ոչ մի կերպ չի տեղավորվում քաղաքական գործիչի վարքագծում՝ առավել ևս միջազգային հարթակներում»:

Նույն շարքից