Միջազգային գլխավոր 

Իրանն ու Ադրբեջանը խորացնում են էներգետիկ համագործակցությունը

Թեհրանում   փետրվարի 23-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի միջեւ հանդիպումից հետո նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջեւ փաստաթղթերի ստորագրության արարողություն: Ընդհանուր առմամբ ստորագրվել են 11 փաստաթղթեր:

Ադրբեջանի եւ Իրանի կառավարությունների միջեւ ստորագրվել են արտակարգ իրավիճակների վերացման եւ նախազգուշացման մասին համաձայնագիր, մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին համաձայնագիր, անասնաբուժության եւ կենդանիների առողջության ոլորտում համաձայնագիր, էլեկտրաէներգիայի վաճառքի մասին շրջանակային համաձայնագիր, երկու երկրների միջեւ երկաթուղային ճանապարհների միացման մասին շրջանակային համաձայնագիր, Աստարա (Ադրբեջան) – Աստարա (Իրան) երկաթուղային կամրջի շինարարության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր և այլն:

Այնուհետև երկու երկրների նախագահները համատեղ ասուլիսով են  հանդես եկել:

 «Միջազգային ասպարեզում Ադրբեջանը և Իրանը շարունակելու են աջակցել միմյանց»։ Այս մասին Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում  հայտարարել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` իր գոհունակությունը հայտնելով Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման առթիվ:

«Ադրբեջանը հետևողականորեն ընդդիմանում էր Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը և մշտապես բացահայտ կերպով հայտարարում էր այդ մասին միջազգային ասպարեզում»,- նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է  Ադրբեջանի նախագահը:

 «Մինչև տարեվերջ մենք լուրջ առաջընթաց կտեսնենք Ադրբեջանի հարավը Իրանի հյուսիսային շրջաններին կապող երկաթուղային կամրջի շինարարության նախագծի իրագործման ճանապարհին: Այդ կամուրջը գտնվելու է Իրանի Աստարա և Ադրբեջանի համանուն բնակավայրերի մոտ»,- հայտարարում է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Տրանսպորտային համագործակցությունից բացի, իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաները մանրամասնորեն քննարկում էին նաև էներգետիկ ոլորտում համագործակցության, ինչպես նաև փոխադարձ ներդրումների հեռանկարները:

Ռոհանին և Ալիևը չշրջանցեցին նաև տարածաշրջանային թեմաները: Իրանի նախագահը վստահություն է հայտնել,   տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով:

Նույն շարքից