Արցախում ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող «Բանակում-2014» հավաքը երեկ ավարտվել է` մի հարկի տակ համախմբելով տասնյակ երիտասարդների, այս մասին տեղեկացնում է ԵՊՀ ուսանողական խորհուրդը:
Երիտասարդներ, որոնց մեծ մասն առաջին անգամ էր Արցախում, ում համար Արցախն առաջին հերթին կոնֆլիկտ ու պատերազմական գոտի էր, քան հայրենիքի անբաժան մաս:
Այսօր նրանց պատկերացումները փոխված են, 7 օրվա դասախոսությունների, պատմաճանաչողական այցերի, ուխտագնացությունների շնորհիվ 70 երիտասարդ ճանաչեց իր հողն ու հասկացավ, թե ինչի համար է 2 տասնամյակ առաջ այդքան արյուն թափվել ու շարունակվում է արյան գնով պահվել:
«Այս ընթացքում մենք բացարձակ աջակցություն ստացանք Արցախի իշխանություններից` մասնավորապես նախագահի ու փոխվարչապետի կողմից: Նրանք փորձում են անել առավելագույնը, որ յուրաքանչյուր հայ Արցախում իրեն զգա սեփականատեր ու իրավատեր»,- նշել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը:
Ինչպես կազմակերպիչներն են նշում, այս տարվա բանակումը հետախուզական էր: Փորձել են մեկ շաբաթվա ընթացքում պարզել, թե ինչ բարդություններ կառաջանան մեծ թվով երիտասարդների հետ աշխատելիս և հող են նախապատրաստել հաջորդ տարի ակնկալվող համաբուհական բանակման համար: Իսկ ինչ վերաբերում է բանակման մոդելի փոփոխությանը, Վահագն Վարագյանը նշել է, որ էական փոփոխություն չի լինի, բայց ավելի խստացնելու են պայմանները, բանակումը ռազմականացվելու է:
«Կազմակերպվելու են տարբեր վարժություններ, գործողություն թշնամու թիկունքում, գիշերային պայմաններում և այլն: Թեև հաջորդ բանակումը էականորեն ռազմականացնելու ենք, բայց չենք շեղվելու մեր հիմնական նպատակներից` համադրելով տեսականը գործնական հետ: Հետախուզությունը համարում եմ լավ, կայացած: Չնայած «լեզու» չբերեցինք, բայց հաջող էր ամեն ինչ»,- եզրափակեց Վարագյանը:
Մեկ շաբաթվա ընթացքում երիտասարդներն Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մերձակայքում հանդիպումներ են ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրերի հետ:
Համալսարանականներին այցելել էր նաև ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, ում ներկայությունն ավելի էր պարտավորեցրել բանակման մասնակիցներին:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանի հավաստմամբ բանակումը հաջողված էր` թեև յուրաքանչյուր միջոցառման ժամանակ թերացումներ լինում են:
«Այն նպատակները, որոնք մենք մեր առջև դրել էինք, կատարված է: Սա նախապատրաստական հավաք էր, ու մենք այս շաբաթվա ընթացքում եզրահանգումներ ենք արել, առանձնացրել շատ կետեր: Իսկ ինձ համար ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ եզրափակիչ օրը մի շարք երիտասարդներ փոխել էին իրենց կարծիքը արցախահայության մասին ու Արցախն իրենց համար արդեն հայրենիք է»,- հավելել է Ռաֆֆի Քարամյանը:
Երիտասարդները բանակումի մեկնարկը տվել էին Խնձորեսկ գյուղում Մխիթար Սպարապետի գերեզմանին այցելությամբ, որից հետո անց են կացվել մի շարք դասախոսություններ, ինչպես նաև ուխտագնացություն Դիզափայտի Կատարո վանք: Երիտասարդներն իրենց բանակման շրջանակներում այցելել են Ամարաս, Տնջրի ծառ, Շուշի: