ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի չորսից ութը Աղվերանում անցկացվող Համահայկական կրթական վեցերորդ խորհրդաժողովին այսօր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավիկ Ասրյանը ներկայացրեց ԼՂՀ-ում իրականացվող կրթական բարեփոխումների ընթացքը:
«Արցախյան դպրոցը համաքայլ իրականացնում է կրթական ոլորտի բարեփոխումները` համահունչ եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու սկզբունքներին: ԼՂՀ-ում կրթությունը, համարվելով գերակա ոլորտ, իշխանությունների կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ ապահովել է կրթական բոլոր աստիճանների` նախադպրոցականից մինչև հետբուհական մասնագիտական կրթության ներդաշնակ գործունեություն, որի նպատակն է կրթության որակի և արդյունավետության բարձրացումը»,-ասաց նա:
Արցախի կրթական համակարգի պահպանման և զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար նախարարն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ կառավարությանը և Սփյուռքին`Արցախի կրթության ոլորտի, օրենսդրական դաշտի բարեփոխումների հաջող գործընթացի, մասնագիտական և մեթոդական օժանդակության, դպրոցաշինության, գույքով և ուսումնալաբորատոր սարքավորումներով, ժամանակակից տեխնոլոգիական սարքերով ապահովման համար:
Խոսելով ավագ դպրոցների մասին՝ Սլավիկ Ասրյանը նշեց, որ ավագ դպրոցների կրթական գործընթացը եղել է նախարարության ուշադրության կենտրոնում:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավագ դպրոցների ստեղծման քաղաքականությունը իրատեսական է: Ինչպես արդյունքներն են վկայում, այսօրվա ավագ դպրոցը ուսման որակի և առաջադիմության առումով որոշակի առաջընթաց է արձանագրել»,-ասաց նա:
Չնայած դրան, նա նշեց, որ ավագ դպրոցների ստեղծման ռազմավարական ծրագրի ցանցից գյուղական վայրերի դպրոցները դուրս են մնացել, և ստացվել է սոցիալական անհավասարություն՝ գյուղական և քաղաքային բնակավայրերի միջև: