Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Այն պետությունները, որոնք չեն հարգում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ոտնահարում են մարդու իրավունքները. Նալբանդյան

analitik.am

Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Խոսելով կայուն զարգացումը վտանգող հակամարտությունների կանխարգելման մասին՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց.

«Կասկածից վեր է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված միջազգային հանձնառությունների լիակատար իրականացումը, հատկապես ինչ վերաբերում է պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը՝ հիմնված նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի վրա, կարող է էականորեն նպաստել կանխարգելման ջանքերին: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ գոյություն ունի ուղիղ կապ մարդու իրավունքների իրացման կոպտագույն խախտումների և բռնություններով ուղեկցվող հակամարտությունների միջև: Սովորաբար, այն պետությունները, որոնք չեն հարգում ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքը, կոպտորեն ոտնահարում են ընդհանրապես մարդու իրավունքները:

Ակներև է գլոբալ անվտանգության և զարգացման միջև կապը: Հակամարտությունները կարող են խոչընդոտել կայուն զարգացմանը: Սա է իրականությունը: Բայց գոյություն ունի նաև այլ իրականություն: Մի շարք ձգձգված կամ սառեցված հակամարտություններ կարող են տասնամյակներ տևել։ Մինչդեռ այդ տարածքներում բնակվող ժողովուրդների ձգտումները՝ հասնելու կայուն զարգացման նպատակներին նույնքան օրինական են, որքան այլոց համար: Որոշ տարածքների վերջնական իրավական կարգավիճակի հաստատման ձգձգումը, մասնավորապես, նրանց, որոնք բանակցությունների առարկա են հանդիսանում հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում, չպետք է օգտագործվեն որպես պատրվակ՝ ոտնահարելու այդ տարածքներում ապրող ժողովուրդների զարգացման օրինական իրավունքը: Ի վերջո, «Ոչ մեկին չանտեսելու» հանձնառությունը ենթադրում է ոչ թե բացառման պատճառաբանության արդարացում, այլ ներգրավման միջոցների ապահովում: Միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ գտնի՝ ապահովելու հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների ներգրավումը միջազգային համագործակցությանը՝ ուղղված կայուն զարգացման նպատակների իրագործմանը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ինչպես նաև միջազգային այլ գործակալությունների և կազմակերպությունների գործողությունները չպետք է որևէ կերպ սահմանափակում ունենան հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների համար։

Կարևոր է հակամարտությունների հետևանքով առաջացած խոչընդոտները վերափոխել գործընկերության դրական օրակարգ ձևավորելու հնարավորության, այդ թվում՝ հակամարտության կողմերի միջև իրական վստահություն կառուցելու միջոցով: Բոլոր ժողովուրդներն ունեն անվտանգության և զարգացման համընդհանուր ձգտում: Հակամարտության կողմերի միջև ընդհանուր տնտեսական ծրագրերի իրագործումը կարող է հանգեցնել վստահության ամրապնդման ուղղությամբ առաջին քայլերին, ինչն առավել կարևոր է խաղաղության ընդհանուր տեսլականի ձևավորման տեսանկյունից»:

Նույն շարքից