Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նորանշանակ քարտուղար Տիգրան Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության զարգացմանն ուղղված ծրագրեր, երրորդ երկրների հետ փոխհարաբերությունների խորացման ու տնտեսական ճգնաժամի պայմաններում ԵՏՄ անդամ երկրների համատեղ մարտավարության մշակման խնդիրներ:
Նազարբաեւը բարձր գնահատելով Տ. Սարգսյանի մասնագիտական որակները, նշել է, որ վերջինիս պաշտոնավարությունը համընկել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի դժվարին ժամանակաշրջանին, ուստի նման իրավիճակում անհրաժեշտ է նոր ելքեր գտնել տնտեսության աճն ապահովելու համար:
«Ձեր փորձն ու աշխատասիրությունը կնպաստեն բոլոր խնդիրների հաղթահարմանը: Բացի այդ լինելով ազգային հանրապետության ներկայացուցիչ, առավել սրտացավ կլինեք ու ջանադրաբար լուծումներ կառաջադրեք առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ: Իսկ ինչ վերաբերվում է համաշխարհային ճգնաժամին, ապա վստահորեն կարող եմ պնդել, որ Եվրասիական տնտեսական միությունը, չնայած առկա բազմաթիվ խնդիրների, ի զորու է հազթահարել դժվարություններն ու հաղթանակող դուրս գալ: Մի շարք երկրներ ցանկություն են հայտնել անդամագրվել միությանն, իսկ ինչպես գիտենք, ճգնաժամը ժամանակավոր ու հաղթահարելի է»-, ասել է Ղազախստանի նախագահը:
Տիգրան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ջերմ ընդունելության ու ցուցաբերված վստահության համար, նշել է, որ ԵՏՄ գործադիր մարմիններին հանձնարարականներ է ներկայացրել ուսումնասիրել Ղազախստանի նախագահի առաջարկներն ու մշակել խնդիրների հաղթահարման համապատասխան ծրագիր:
Հիշեցնենք, որ Նազարբաեւը փետրվարի սկզբին դիմել էր ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներին՝ առաջարկելով խորացնել տնտեսական փոխհարաբերությունները երրորդ երկրների հետ ու նպաստել ինտեգրացիոն գործընթացներին: