Ռուսաստանը Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է թափանցիկ՝ հետևելով միջազգային բոլոր պարտավորություններին, նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանին զենքի մատակարարման հարցով Բաքվի բողոքի նոտայի մասին հաղորդագրությունները:
«Զենքի մատակարարման հարցում Ռուսաստանը հետևում է միջազգային պարտավորություններին: Մոսվկան գործում է արտահանման վերահսկման ազգային համակարգի խիստ շրջանակներում: Ռուսաստանը կապված է Հայաստանի հետ դաշնակցական կապերով՝ զարգացնելով վերջինիս հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Դա հայտնի փաստ է: Բացի այդ՝ մենք չենք թաքցնում այդ համագործացկությունը, գործում ենք թափանցիկ, բաց: Ադրբեջանը պետք է ըմբռնումով մոտենա, քանի որ մենք մեր գործողություններում հաշվի ենք առնում տարածաշրջանում հավասարակշիռ քաղաքականություն վարելու փաստը»,-ասել է նա:
Նրա խոսքերով Ռուսաստանը զենք մատակարարելու հարցում խստիվ պահպանում է միջազգային պարտավորությունները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիկմեթ Գաջիևը հայտարարել է, որ երկիրը բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանին՝ կապված Հայաստանին զենք վաճառելու հետ: