Հայաստան 

Ազգությամբ հայերը չպետք է ենթարկվեն ՀՀ ազատ մուտք գործելու վիրավորական սահմանափակմանը. ՖԻՓԱ

Ֆրանսահայ Իրավաբանների եւ Փաստաբանների ասոցիացիան իր խորը մտահոգությունն է արտահայտում առ այն, որ ազգությամբ հայ, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերիչյանին արգելվել է մուտք գործել ՀՀ տարածք՝ առանց օրինական հիմքերի:

Այս առնչությամբ Ասոցիացիայի տարածած հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրի տարածք մուտք գործելու գործընթացը կարգավորելուն իրավասու լինելով հանդերձ, որպես իրավական հռչակված պետություն պարտավոր է օրենքը կիրառել թափանցիկ եւ առանց խտրականության բոլորի, այդ թվում նաեւ սփյուռքահայերի հանդեպ:

Այս պահանջը առավել հատկանշական է հայկական համատեքստում, ըստ որի պատմական եւ  տնտեսական հանգամանքներից դրդված՝ հայերի մեծ մասը բնակվում է ՀՀ սահմաններից դուրս:

Ազգությամբ հայ այն անձինք,  ովքեր ցանկանում են պահպանել  կապը  իրենց հայրենիքի հետ եւ մասնակցություն ունենալ հայ ժողովրդի կյանքում, չեն կարող ենթարկվել ՀՀ ազատ մուտք գործելու վիրավորական սահմանափակմանը:

Ֆրանսիահայ Իրավաբանների եւ Փաստաբանների Ասոցիացիան  դիմում է ՀՀ կառավարությանը ՝ վերանայելՇանթ Ոսկերիչյանի մուտքն արգելող որոշումը:

Ֆրանսիայի քաղաքացի եւ ծագումով հայ Շանթ Ոսկերիչյանին 2015 թվականի մայիսին արգելվել է մուտք գործել  Հայաստանի Հանրապետություն՝ առանց օրինական  բացատրության եւ առանց մուտքի մերժման չափանիշների ներկայացման:

Ավելի ուշ, մուտքի մերժումը արդարացվել է՝ շահառուի անվան գրանցմամբ մի ցուցակում, որի տվյալների արձանագրման չափանիշների ստուգումը անհնար է իրականացնել:

Հետեւաբար, պարոն Ոսկերիչյանը պահանջում է ՀՀ վարչական դատարանում վիճարկել իր՝ ՀՀ մուտքի խոչընդոտման եւ Ֆրանսիա վերադարձնելու որոշման լիազորությունը, օրինականությունն ու շարժառիթը:

Այս գործի քննումը կիրականացվի 2016 թ.-ի մարտի 2-ին Երեւանում կայանալիք դատական նիստի ժամանակ:

Ասոցիացիան հետեւողականորեն ուսումնասիրելու է դատական գործընթացը՝ պարզելու համար, թե որքանով է ՀՀ արդարադատությունը հետամուտ լինում Եվրոպական Խորհրդում ստանձնած իր պարտավորություններին: Ըստ 2002 թ.-ի համաձայնագրի Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է վարել արդար դատավարություն՝ կիրառելով Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի պայմանները»:

Նույն շարքից