Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև ստորագրվել է Մաքսային ռեժիմի դյուրացման վերաբերյալ երկկողմ համաձայնագիր, որը կնպաստի մարդասիրական օգնության ապրանքների և օգնություն տրամադրող անձնակազմի ունեցվածքի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացի արագացմանը աղետների ժամանակ և արտակարգ իրավիճակներում: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության միջև պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել են դեռևս 2013 թվականից: Մինչ օրս նման համաձայնագրեր ստորագրվել են Բելառուսի, Բութանի, Դոմինիկյան Հանրապետության, Հոնդուրասի, Լիբերիայի, Մալիի, Մոլդովայի, Նեպալի եւ Ուզբեկստանի կառավարությունների հետ:
Այսօր ստորագրված համաձայնագիրը կխթանի աղետի ժամանակ արտաքին օժանդակության նպատակով տուժած երկիր մարդասիրական օգնության ապրանքների, այդ թվում որոնման և փրկարարական թիմերի, որոնողական շներով հագեցված խմբերի ու շարժական կլինիկաների արտակարգ կապի բարձր տեխնոլոգիաների սարքավորումների և շտապ օգնության այլ պարագաների արագ ներկրման, արտահանման և տարանցման գործընթացները: