Մենք ունենք արտաքին մարտահրավերներ և ներքին մարտահրավերներ, ու կոալիցիան ոչ միայն տնտեսական խնդիրներ է լուծում, այլ կապված է նաև արտաքին մարտահրավերների հետ, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Դաշնակցությունը հին կուսակցություն է և ազդեցություն ունի արտաքին աշխարհում, գաղափարախոսություն ունի, այս էտապում նաև այն հանգամանքը, որ իշխանությունները գնում են արմատական փոփոխությունների և երկրի իշխանությունները խոհանոցի կեղտը հանում են դուրս ու ասում, որ պետք է մաքրենք, պահանջվում է մեր ողջ հասարակության օգնությունը այդ կեղտը մաքրելու գործում,- ասաց պատգամավորը ավելացնելով,, որ նախագահը միշտ ներկայացրել է այդ խնդիրները, սակայն վերջին ելույթում ամբողջական ներկայացրեց,- Այդ խնդիրներն ամբողջ ազգինն է, այդ առումով լրացուցիչ քաղաքական ռեսուրս էր պետք»:
Ալեքսանյանը կարծում է, որ հիմա տեսանելի են մեր երկրի թերությունները, որոնք ամենասկզբից են գալիս ՝ սեփականաշնորհում, ազատականություն և այլ թերություններ, որոնք պետք է արմատափես փոխել:
«Միշտ էլ եղել է ընդդիմության հետ համագործակցությունը, մեր և Դաշնակցության միջև իրոք կան ընդհանրություններ: Ուժեղ պետություն ունենալու և մեր առաջ դրված բոլոր մարտահրավերները լուծելու ընդհանրությունը, կան նաև ներքին հարցեր: Հուշագրում բոլոր հարցերին տրվում է պատասխան»,- ասաց բանախոսը` հավելելով, որ համագործակցությունը լինելու է շարունակական և Դաշնակցությունը պատասխանատու է ոչ միայն իրեն տրված ոլորտների համար, այլ ընդհանուր կառավարության ծրագրերի համար:
Ի տարբերություն Լեռնիկ Ալեքսանյանի, մյուս բանախոս ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը գտնում է, որ ամուր երկիր կառուցելու տեսլական բոլոր ուժերն ունեն, սակայն, ըստ բանախոսի, դա ուղղակի քաղաքական գործընթաց է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
«Ես ողջունում եմ, որ երկու քաղաքական ուժ ցանկացել են համագործակցել, սակայն ինձ թվում է, որ ուղղակի քաղաքական գործընթաց է 2017-ին ընդառաջ»,- ասաց պատգամավորը:
«ՀՀԿ-ն պատասխանատվությունը լղոզում է, հաշվի առնելով, որ ինքն ունի բավարար ռեսուրս բոլոր այդ խնդիրները լուծելու, արմատական փոփոխությունները նույնպես իրականացնելու, այդ դեպքում ինչ է նշանակում ուրիշները ինձ միանան նոր անեմ, ձևը չգիտեն, մեխանիզմը չգիտեն: Այստեղ ավելի շատ ապագային միտված խնդիրների մեջ քաղաքական կոմպոնենտի շրջանակ ավելացնելու խնդիր կա»,-ասաց Թ. Պողոսյանը:
Ըստ Պողոսյանի, Դաշնակցությունը սփյուռքում հզոր կառույց է, բայց հայկական հզոր ֆինանսական ինստիտուտի մեծահարուստները միշտ եղել են անհատներ, կամ ՀԸԲՄ անդամներ:
«Պետք է մեթոդներ հորինել, որ ցանկացած հայ, որ պատրաստ է ներդնում անել ՀՀ-ում դա անի, պետք է երկիրը հետքրքիր դարձնել ներդրումի համար»,- եզրափակեց Թևան Պողոսյանը: