Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցում ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանության և Կոնֆուցիուսի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ բացվել է Կոնֆուցիուսի դասարան, որն առաջինն է Հայաստանում: Ծրագրի նպատակը հայ պատանիներին չինարենին և այդ երկրի մշակույթին ծանոթացնելն է: Դասընթացները նախատեսված են 5-րդից բարձր դասարանների աշակերտների համար: Ուսուցման ընթացքում նախատեսված են նաև ճանաչողական այցեր Չինաստան: Ի դեպ, Չեխովի անվան դպրոցում, ըստ ցանկության, չինարեն ուսումնասիրում են արդեն 3-րդ տարին:
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:
«Չինական գարնան ավետիս» միջոցառման շրջանակում ներկայացվել է կալիգրաֆիայի, ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Հյուրերը դիտել են նաև դպրոցի աշակերտների մասնակցությամբ չինարենով բեմադրված «Չինական լապտերներ» մանկական ներկայացումը: