Ռուս-թուրքական պատերազմ չսկսվեց, սակայն չի կարելի հերքել, որ ռուս-թուրքական հարաբերություններն այժմ գտնվում են բավականին վատ վիճակում: Այս պահին լուրջ կոնֆլիկտ է հասունացել «Գազպրոմի» և թուրքական մասնավոր ընկերությունների միջև: Առաջին հայացքից այն նման է ռուս-ուկրաինական գազային կոնֆլիկտին, սակայն այստեղ բազմաթիվ լուրջ տարբերություններ կան:
Նախ Թուրքիան այլընտրանք չունի, ինչպես նաև Եվրոպան կանգնած չի նրա թիկունքում՝ ինչպես Ուկրաինայի դեպքում էր: Այստեղից կարելի է հետևություն անել, որ վաղ, թե ուշ թուրք սպառողները ստիպված են լինելու զիջումների գնալ: Թուրքիայում ռուսական գազի սպառողներն են վեց ընկերություններ՝ Enerco Enerji, Bosphorus gaz, Avrasya gaz, Shell, Bati Hatti и Kibar Enerji, որոնց սպառման ընդհանուր ծավալը կազմում է տարեկան 10 միլիարդ կուբամետր:
Փետրվարի 1-ին պարզ դարձավ, որ «Գազպրոմը» չեղյալ է համարում 2015-ին գործող 10,25% զեղչը թուրքական ընկերությունների համար: Այս որոշումն այդքան էլ կապ չուներ քաղաքական խնդիրների հետ, քանի որ զեղչ տրամադրվել էր որոշակի ժամանակահատվածի համար, բացի այդ էներգոռեսուրսների գներն արդեն իսկ բավականին իջել են: Սակայն թուրքական ընկերությունները հրաժարվեցին նոր գնով վճարել և մինչև փետրվարի 21-ը վճարում էին հին գնով: Այդ ժամանակ մատակարարումների քանակը արդարացիորեն կրճատվեց՝ չվճարված գնի չափով՝ 10 %-ով: Սակայն «Բուլգարտրանսգազ»-ի տվյալներով, փետրվարի 10-ից 24-ը օրեկան 10% ծավալների կրճատումը 26,7 միլիոն կուբամետրով նվազեցրել է գազի սպառումը Թուրքիայի արևմտյան հատվածներում 40 %-ով, որն ավելի քիչ է, քան 2015թ-ի նույն ժամանակահատվածի համար: Սա բացատրվում է նաև նրանով, որ Թուրքիայում եղանակները տաքացել են:
«Կոմերսանտ» թերթի աղբյուրներն էլ հայտնել են, որ թուրք ներմուծողները պնդում են, թե իբր «Գազպրոմը» անհամաձայնության մասին որևէ պաշտոնական գրություն չի ուղարկել և բացատրություն չի տվել: Ընկերությունները դժգոհություն են հայտնում, որ իրենց գործընկերների հետ տարեկան պայմանագիրը կնքելիս անցյալ տարվա գինն են հիմք վերցրել, որտեղ հաշվված էր նաև զեղչը: Թուրքական ընկերությունները սպառնում են «Գազպրոմ»-ին 2.5 միլիոն դոլար տուգանքով՝ պայմանագրի ամբողջական չկատարման համար: Նշենք, որ ավելի շուտ թուրքական պետական գազատար օպերատոր Botas-ն էր դատի տվել «Գազպրոմ»-ին՝ պահանջելով զեղչեր անել:
Կարելի է պնդել, որ Թուրքիան իրեն պահում է այնպես, ինչպես Ուկրաինան: Էներգետիկ զարգացման հիմնադրամի տնօրեն Սերգեյ Պիկինն էլ բացատրել է, որ Թուրքիայի պահանջն անհիմն է, քանի որ այդ զեղչը տրվել էր «Թուրքական ուղի»-ին իրագործելու, ինչպես նաև սպառման ծավալներն ավելացնելու նպատակով, սակայն այժմ այդ նախագիծը դժվար թե իրագործվի: Ինչ վերաբերում է սպառման ծավալներին, ապա 2015-ին այն նույնն է մնացել, ինչ 2014-ին էր: Ստացվում է, որ զեղչ անելու հիմք չկա: Թուրքիան այս պահին այլընտրանք չունի: Ճիշտ է այն գազ է ներմուծում Իրանից, սակայն այս պահին ամբողջական ծավալները փոխարինել իրանական գազով, ուղղակի անհնար է:
Անգամ եթե Թուրքիան գազատար կառուցի Ադրբեջանից Թուրքիա, լավագույն դեպքում այն պատրաստ կլինի 2019թ-ին, և խոսքը կգնա միայն 6 միլիարդ կուբամետր գազի մասին: Քննարկվում են նաև Իսրայելի և մի շարք այլ գազային տերմինալների կառուցման հարցերը, սակայն այս բոլորը ժամանակատար են և մեծ ներդրումներ են պահանջում: Հաշվի առնելով վերանշյալը, կարելի է ասել, որ «Գազպրոմի» և թուրքական ընկերությունների միջև ծագած կոնֆլիկտը կլուծվի, սակայն դա որևէ ազդեցություն չի ունենա Մոսկվայի և Անկարա լարված հարաբերությունների վրա: Այս պարագայում զիջումների կգնա Թուրքիան, քանի որ այն այլընտրանք չունի