Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն հրապարակել է Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արման Թաթոյանի 2014թ-ի գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը: Նշենք, որ կայքում դեռևս առկա չէ պաշտոնյանների 2015թ-ի հայտարարագրերը գույքի և եկամուտների մասին:
Այսպիսով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2014թ-ի սկզբին ունեցել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ LEXUS RX 330 մակնիշի, որը տարեվերջին օտարվել է 5,8 մլն դրամի դիմաց:
Նրա դրամական միջոցները 2014թ-ի սկզբին կազմել են 15 մլն 300 հազ. դրամ, 3,500 ԱՄՆ դոլար և 8.500 եվրո, որոնք տարեվերջին նվազել են՝ կազմելով 700 հազ. դրամ, և 4000 եվրո: Թե ինչի վրա է պաշտպանը ծախսել այս գումարը, հայտարարագրում նշված չէ:
Հարկային տարում նրա եկամուտները կազմել են 15 մլն 34 հազ. դրամ, ինչը գոյացել է տարվա ընթացքում օտարված գույքի, աշխատանքի վարձատրության և քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտներից:
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը, մինչ ՄԻՊ ընտրվելը, ՀՀ արդարադատության փոխնախարար էր:
Նշենք, որ նրա հետ համատեղ ապրող ծնողների ներկայացված հայտարարագրերում որևէ տվյալ առկա չէ, իսկ կնոջ՝ Գայանե Մակարյանի ֆինանսական միջոցները 2014թ-ի սկզբին կազմել են 3 մլն 800 հազ. դրամ, ինչը տարեվերջին դարձել է 400 հազ. դրամ: Թե ինչի վրա է ծախսվել գումարը, հայտարարագրում նշված չէ:
Նշենք նաև, որ Արման Թաթոյանի կնոջ կողմից ներկայացված հայտարարագրում վերջինիս եկամտի աղբյուրների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա: