Բարի օր Հասարակություն 

Մեծ պահքի 22-րդ օր

analitik.am

Թող ընթացիկ նահանջ տարին լինի խաղաղ, առանց ամպրոպի ու կարկտի, առանց ջրհեղեղի ու հրդեհի: Խաղաղությունը կարող է տիեզերքը լցնել առատությամբ:

Փետրվարի 29-ի ճաշու ընթերցվածք՝

Եր. 32.19-44

«Ո´վ դու Ամենակալ մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա` յուրաքանչյուրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի» (Եր. 32.19): Երեմիայի այս խոսքը պետք է առաջնորդի մեր մտորումները մեր կյանքի ընթացքի վերաբերյալ, որպեսզի մեր գործերի համեմատ հատուցումը դատապարտություն չլինի: Քանզի, երբ մեր բարի կամքով ու ձգտումով մեր քայլերն ընթանում են խաղաղության և արդարության ապահով ճանապարհներով, ուր չկա կեղծիք, խարդավանք և չարություն, այն ժամանակ կզգանք Աստծու խոսքի ողջ բովանդակությունը. «Նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված» (Եր. 32.38):

Աստծու հայացքը միշտ մեզ և մեր գոյընթացի վրա է և Նա հատուցելու է ըստ մեր գործերի: Այդ իսկ պատճառով Քրիստոսի հայացքի ներքո ապրել, հավատով ապրել չի նշանակում պարզապես Աստծու անունը տալով ապրել, այլ` մշտապես ու անդադար գտնվել Տիրոջ ծառայության մեջ և Նրա կամքի դրսևորման բարեբեր միջոց լինել բոլորի կյանքում:

Աստված ունենալ, աստծվածակիր լինել, Աստծով ապրել և Նրա զավակն ու ժողովուրդը լինել նույնն է, ինչ անխորտակելի մի վահան ունենալ, որ անկախ փորձության ձևից և չարի հարվածների ուժգնությունից, պիտի մեզ պաշտպանի: Իսկ ի՞նչ է մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում բաղձում, եթե ոչ` պաշտպանություն և ապահովություն:

Քաղված է Տ. Վահրամ քահանա Մելիքյանի

«Օրվա խորհուրդը (Մեծ պահքի ամենօրյա խորհդրածություններ)» գրքից

Նույն շարքից