Հասարակություն 

Ցանկացած ոլորտում կարող են աշխատել հաշմանդամություն ունեցող անձինք. Արմեն Ալավերդյան

2016 թվականը հավասար հնարավորությունների և հաշմանդամություն ունեցող անձանց հավասար պայմանների ստեղծման տարի է հայտարարված: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին բարձրաձայնելը լավ է, բայց դրանց պետք է արդյունավետ լուծում տալ:Բանախոսի համոզմամբ` Հայաստանում գրանցված են 200 հազար 200 հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է բնակչության շուրջ 6-7 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է՝ ԱՀԿ-ի տվյալների համաձայն:

Նշված ցուցանիշի ցածր լինելն, ըստ Արմեն Ալավերդյանի , պայմանավորված է նրանով, որ երկրում այդքան էլ նպաստավոր պայմաններ չեն ստեղծված, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց թվի տոկոսը ցածր լինի: «Դա նշանակում է, որ հաշմանդամության խումբ նշանակելու չափանիշները չափից ավելի խիստ են, բացի դրանից, հատկապես հեռավոր գյուղերում մարդիկ կարծրատիպերի պատճառով չեն դիմում համապատասխան մարմին, որպեսզի այդ կարգավիճակը ստանան» - նշեց Ալավերդյանը:

Խոսելով ներառական կրթության մասին, Արմեն Ալավերդյանն ասաց,որ ներառական ոլորտում հակասական է պատկերը: Ըստ նրա, մի կողմից ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանը կարելի է դասել առաջատարների շարքում, որտեղ տարիներ շարունակ կիրառվում է ներառական կրթությունը և որոշում է ընդունվել, որ մինչև 2025 թվականը բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական և հատուկ դպրոցները պետք է վերածվեն ռեսուրսային կենտրոնների:

 Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն անդրադառնալով, բանախոսն ասաց, որ ցանկացած ոլորտում կարող են աշխատել հաշմանդամություն ունեցող անձինք՝ կախված նրանց հաշմանդամության աստիճանից, կրթությունից և հմտությունից: Արմեն Ալավերդյանի խոսքով` աշխատունակ տարիքի հաշմանդամներից 8-9 տոկոսն աշխատանք ունի: Հաշմանդամություն ունեցող ուսանողները բոլոր ուսանողների շուրջ 1 տոկոսն են կազմում:

Նույն շարքից