Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Ընդդիմությունն «ուղտի ականջում» քնած է

analitik.am

Փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումներն, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովում կմեկնարկեն մարտի սկզբին: Իշխանության կողմից հեղինակած Ընտրական օրենսգրքի փաթեթը Վենետիկի հանձնաժողովն արդեն ստացել է և պետք է եզրակացություն տա:

Կարծես, թե պատմական պահ է ընձեռնվել ընդդիմության համար, որպեսզի հանդես գան Ընտրական օրենսգրքի միասնական փաթեթով, որում արտացոլված կլինեն բոլոր այն անհրաժեշտ շտկումները, որոնք ըստ ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունների խանգարում են Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելուն: Հիշում են, թե ինչպես են բոլոր ընտրություններից հետո կոկորդ պատռում, որ փոխել է պետք, շտկել:

Անցած ԱԺ քառօրյայում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ կոչ արեց ընդդիմությանը հանդես գալ Ընտրական օրենսգրքի միասնական փաթեթով: Այս հարցի շուրջ ինչ տեսակետներ ունեն ընդդիմադիր խմակցությունների պատգամավորները, դեռևս հայտնի չէ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց, որ խմբակցությունը հրավիրել է մասնագետների և ներկայացնելու են կուսակցության ԸՕ իրենց նախագիծը : Իսկ մեր լրագրողի այն հարցին, թե կլինի ընդդիմության միասնական տեսակետ, պատգամավորը պատասխանեց, որ իրենք պատրաստ են մասնակցել ցանկացած առաջարկի, եթե դրանք համընկնեն ԲՀԿ ներկայացրած տեսլականի հետ: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, դժվարացավ պատասխանել` խմբակցությունը կներկայացնի միասնական տեսակետ ԸՕ փաթեթի շուրջ, թե ոչ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ դեռևս չի կարող հստակ ասել արդյոք կլինի ընդդիմության կողմից Ընտրական օրենսգրքի միասնական փաթեթ: Մեր ճշտող հարցին պատգամավորը պատասխանեց՝ «կապրենք կտեսնենք»:

Փաստորեն ստացվում է այնպես, որ իշխանությունը ոչ միայն ունի, այլև արդեն ներկայացրել է իր ԸՕ նախագծի փաթեթը Վենետիկյան հանձնաժողովին, իսկ ընդդիմությունը «ուղտի ականջում» քնած, նոր է միայն պատրաստվում մտածել իր տեսակետը ներկայացնելու մասին: Միացյալ տեսակետն էլ այս պահին ֆանտազիայի ժանրից է: Ցավալի է, որ ընդդիմության պայքարը սահմանափակվում է նրանով, թե ով ումից ավելի բարձր կգոռա:

Նույն շարքից