Հասարակություն գլխավոր 

Այսօր լրանում է ողբերգական իրադարձությունների 8-րդ տարելիցը

Այսօր լրանում է Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 8-րդ տարելիցը:

2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո պաշտոնական տվյալներով պարտություն կրած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ  Ազատության հրապարակում սկսվեցին շուրջօրյա հանրահավաքներ, նստացույց: Ընդդիմությունը բողոքարկում էր ընտրությունների պաշտոնական արդյունքները, պահանջում արտահերթ ընտրություններ:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին:

Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Երեկոյան սկսված և մարտի լույս 2-ի գիշերը շարունակված բախման հետևանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում՝ 2 զինվորական: Հայտարարվեց 20-օրյա արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ:

Չնայած այդ  դեպքերից 8 տարի է անցել, սակայն տասը անձանց մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել և  չի դատապարտվել: Զոհված 8 քաղաքացիական անձանցից 7-ը մահացել են հրազենային վիրավորման հետեւանքով, ընդ որում` 3 անձ զոհվել են «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներից վիրավորվելու հետևանքով, որն օգտագործվել է միայն իրավապահ մարմինների կողմից:

Հիշենք մարտի 1-ի զոհերին անուն առ անուն. Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գրիգոր Գևորգյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Համլետ Թադևոսյան:

Նույն շարքից