Հասարակություն 

Այսօր աշխարհում նշվում է Երիտասարդության օրը

1998 թվականի օգոստոսին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերի նախարարների համաշխարհային համաժողովն առաջարկեց օգոստոսի 12‑ը նշել որպես Երիտասարդության միջազգային օր: Առաջարկն ընդունվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1999 թվականի դեկտեմբերի 17-ին:
 
Իսկ 1995թ. ՄԱԿ-ն արդեն ընդունել էր երիտասարդությանը վերաբերող գործողությունների համաշխարհային ծրագիր, որն այս պահին էլ կարևոր դեր է խաղում երիտասարդության զարգացման գործում: Ծրագրում ընդգծված են երիտասարդ սերնդի հանդեպ պետությունների գործունեության ուժեղացման միջոցները, ինչպես նաև հասարակական կյանքում անմիջական և կառուցողական մասնակցություն ունենալու համար երիտասարդներին հասու քայլերի և հնարավորությունների շրջանակի լայնացումը։
 
Գործողությունների ծրագիրն ընդգրկում է 15 ուղղություն՝ կրթություն, աշխատանքի տեղավորում, աղքատության դեմ պայքար, առողջապահություն, շրջակա միջավայրի պահպանություն, պայքար թմրանյութերի տարածման դեմ և այլն։ ՄԱԿ-ի դասակարգմամբ՝ երիտասարդ են համարվում 15-24 տարեկանները։ Աշխարհում երիտասարդների թիվը 1.2 միլիարդ է, որը կազմում է երկրագնդի բնակչության 18%-ը։ Նրանց 87%-ն ապրում է զարգացող երկրներում և դժվարություններ է կրում առողջապահական ծառայություններից օգտվելու, կրթության, մասնագիտական պատրաստման, աշխատանքի տեղավորման և տնտեսական ոլորտներում։

Նույն շարքից