Հայաստան Քաղաքական 

ՀՀԿ-ականները կարողացել են վերցնել քաղաքական բոլոր հարթակները. Իսկանդարյան

Այսօր ՀՀԿ-ականները կարողացել են վերցնել քաղաքական բոլոր հարթակները, թեև ընդդիմությունը նույնպես ներկայացված է խորհրդարանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«2008 թվականից հետո շատ բան է փոխվել: Այն ժամանակ խորհրդարանում ընդդիմադիր որևէ ուժ ներկայացված չէր: Այսօր այդպես չէ: Ընդդիմադիրներն ընդգրկված են Ազգային ժողովում: Թեև չեն կարող լրջորեն ազդել որոշումներ ընդունելու վրա,  բայց նրանց համար «տրիբունան» հասանելի է, կարող են իրենց խոսքը հասցնել հասարակությանը»,-նշեց նա:

Ա. Իսկանդարյանի խոսքով, խորհրդարանը, նախագահական նստավայրը, Երևանը, քաղաքական բոլոր հարթակները «Հայասատանի Հանրապետական» կուսակցությանն է, նույնիսկ սահմանադրական փոփոխությունները, որը թեև քաղաքական հարթակ չէ, բայց արդյունք է նրան, որ ՀՀԿ-ականներն իրենց բավականին վստահ են զգում:

«Նրանք բավականին վստահ են իրենց զգում ոչ թե այն պատճառով, որ ուժեղ են, այլ իրականում հակազդող որևէ ուժ չկա: Ընդդիմությունն այսօր ուժեղ մարգինալացված է, չի կարող հակազդել ՀՀԿ-ին»,- ասաց քաղաքագետը:

Նա նաև նշեց, որ արդեն սկսվում է նախընտրական շրջանը, իրավիճակը բավականին հետաքրքիր կլինի, ինչպես մինչև խորհրդարանական ընտրությունները, որը կայանալու է 2017-ին, այնպես էլ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քանի որ ժողովուրդը դեռևս չի ընտելացել, ամբողջովին չի հասկանել, որ խորհրդարանական  ընտրությունները լինելու են երկրի համար գլխավոր ընտրությունները:

Նույն շարքից