Գյուղատնտեսություն Հասարակություն 

Մեկնարկել է ՀՀ գյուղերում ագրոկենսաբազմազանության պահպանությանը վերաբերող ծրագիրը

analitik.am

Մարտի 1-ին մեկնարկել է  «Հայաստանի գյուղական համայնքներում ագրոկենսաբազմազանության պահպանության եւ օգտագործման միջոցով կենսապայմանների բարելավում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի աջակցությամբ:

Ծրագրի թիրախային տարածքներն են Արարատյան հարթավայրը, Սյունիքի մարզը, Սեւանի ավազանը եւ հարող տարածքները:

Վերոնշյալ տարածքներում նախատեսված գործողությունները մի կողմից կնպաստեն վայրի բուսատեսակների եւ կենսաբազմազանության պահպանմանը, մյուս կողմից հնարավորություն կստեղծեն համայնքների բնակչության եկամուտների աճի ավելացման եւ իրացման նոր շուկաների ներգրավման համար: Պատասխանատու գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված փոխգործակցության արդյունքում ծրագրային տարածքներում առկա հողօգտագործողները  եւ այգեգործները, կիրառելով եւ կատարելագործելով իրենց հմտություններն ու կարողությունները, կկարողանան վարել գյուղատնտեսական կենսաբազմազանությանը համահունչ տնտեսություն եւ համապատասխան գործելակերպ, ինչն էլ կխթանի ավանդական մշակաբույսերի տեսակների, մշակաբույսերի վայրի ցեղակիցների, դեղաբույսերի, փոշոտիչների /pollinators/ եւ այլ օգտակար միջատների պահպանմանն ու օգտագործմանը:

«Հայաստանի գյուղական համայնքներում ագրոկենսաբազմազանության պահպանության եւ օգտագործման միջոցով կենսապայմանների բարելավում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ընդգծելով ծրագրի կարեւորությունը՝ նա մասնավորապես նշել է. «Կլիմայի փոփոխությունների հետեւանքների դեմ պայքարի եւ հարմարվողականության խնդիրներից զերծ չէ նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Մեր երկիրն այսօր կանգնած է բնապահպանական մի շարք մարտահրավերների առջեւ, որոնց հաղթահարման եւ հարմարվողականության նպատակով նախատեսվող միջոցառումների շրջանակներում իրականացվող ծրագրերով համայնքներում պլանավորվում է ներդնել ագրոկենսաբազմազանության կայուն կառավարման այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են հողերի կայուն կառավարման նորագույն փորձը, վայրի բուսական պաշարների արժեքավոր բուսատեսակների հավաքման եւ կայուն բերքատվության մեխանիզմների ապահովումը, ֆերմերային տնտեսությունների վարման տեխնոլոգիաների կատարելագործումը, համաշխարհային լավագույն փորձի կիրառումը եւ էկոլոգիապես մաքուր արտադրանքի սպառման նոր շուկաների ներգրավումը»:

Ծրագրի կառավարման եւ համակարգման պատասխանատու, կենսաբազմազանության ԳԷՀ տարածաշրջանային համակարգող Մարիետա Սակալյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն ու ակտիվությունը բնապահպանության եւ ագրոկենսաբազմազանության կայուն կառավարման եւ համայնքների զարգացման գործում:

Ծրագրի ազգային համակարգող Արմեն Դանիելյանը, անդրադառնալով ծրագրի նպատակներին եւ խնդիրներին, նշել է. «Ագրոկենսաբազմազանության ծրագիրը նպատակ ունի ազգային ինստիտուցիոնալ կառույցների մասնակցային մեխանիզմների կատարելագործման եւ ամրապնդման միջոցով ապահովել բնապահպանական ռիսկերի նվազեցմամբ ագրոկենսաբազմազանության կայուն կառավարում եւ գյուղական համայնքների բնակչության եկամուտների ավելացում»:

Նույն շարքից