Հասարակություն 

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի Միջինքը մարտի 2-ին է

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի Միջինքը մարտի 2-ին է: Հայոց կենցաղում այն նշվել է ժողովրդական մի շարք սովորություններով: Այն նշվում է Մեծ պահքի 24-րդ`չորեքշաբթի օրը։ Միջինք է կոչվում Մեծ պահքի մեջտեղի օրը լինելու պատճառով: Միջինքի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ` այցելություններ, տոնախմբություն, հյուրասիրություն: Առաջնորդարանում թեմի երիտասարդական միությունները Նավասարդ Սրբազան հոր հանդիսապետությամբ կնշեն Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով, նաև Միջինքի`Բաղարջ հացի հյուրասիրությամբ, որի մեջ մետաղադրամի փոխարեն կլինի օրհնված խաչ: Օրը հագեցած կլինի ազգագրական պարերով: Թեմի երիտասարդները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ Միջինիքն նվիրված ազգային տոնը նշում են արդեն երրորդ անգամ:

Մարտի 2-ին՝ ժամը 15.00-ին, Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի և Տ. Թովմա քահանա Անդրեասյանի գլխավորությամբ Միջինքը կնշեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր այցելությամբ: Այնտեղ բուժվող երեխաների համար կտանեն խաղալիքներ, քաղցրավենիք նաև Միջինքի բաղարջ հաց, որի մեջ կտեղադրվեն բազմաթիվ խաչեր: Հյուրերի հետ երեխաներին կայցելեն նաև հեքիաթի հերոսներ:

Մարտի 2-ին՝ ժամը 19:00-ին, Արարատի Ս. Հակոբ եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի գլխավորությամբ տեղի կունենա «Խոկման» արարողություն՝ «Միջինք. Մեծ Պահքի կես» թեմայով: Հանգստյան ժամերգությունից հետո «Խոկման» մասնակիցները ապաշխարության շարականների երգեցողության ներքո կաղոթեն մեր երկրի և եկեղեցու զորացման, մասնակիցների առողջության և հոգևոր խաղաղության համար: Մարտի 2-ին՝ 17:00-ին, Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու «Գեղարդ» երիտասարդաց միությունը հոգևոր հովիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի գլխավորությամբ համայնքի հետ կնշի Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով: Միջոցառումը հագեցած կլինի նաև ազգագրական երգ ու պարով:

Մարտի 2-ին՝ 10.00-ին, Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքը առավոտյան ժամերգությունից հետո հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանի գլխավորությամբ կնշի Միջինքը` ավանդական Բաղարջ գաթայի հյուրասիրությամբ: Մարտի 3-ին՝ 19.00-ին, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միությունը կնշի Միջինքը հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Երիտասարդները կպատրաստեն Միջինքի Բաղարջ հաց, որի մեջ կտեղադրվի խաչ: Տեր հայրը երիտասարդների հետ հոգևոր զրույց կունենա Մեծ Պահքի մասին: Մարտի 6-ին՝ 14.00-15.00-ը, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ կայցելի Երևանի №1 Տուն-ինտերնատ (4-րդ գյուղի ծերանոց): Այցելուներն իրենց հետ կտանեն սնունդ, հագուստ, աղոթագրքեր:

Նույն շարքից