Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Հովհ. Գրիգորյան

analitik.am

Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս` գարուն է
և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով:
Քաղաքում, որտեղ դու չկաս,
չգիտես թե ինչու տոն է այս սովորական օրով,
և խմբերով աղջիկներ են անցնում
գույնզգույն շորեր հագած`
ոչ մի փոփոխություն
չնկատելով…
Իսկ նվագախումբը դուրս է ցայտում ամենաանսպասելի
անկյուններից
իր ետևից տանելով հրոսակախումբը`
ցնծությունից խելակորույս երեխաների –
ամբողջացնելով գարնան պատկերը կանաչավուն:

Ի՜նչ հեշտ է սիրել այն ամենն, ինչ հեռվում է,
և ինչ բավականություն` պատկերացնել այն, ինչը
չես տեսնում…
Բայց ամենահեշտը քեզ մոտ տխրությունն է ստացվում,
Օ, ինչքան ես վարպետացել դու այդ ասպարեզում:
Փիլիսոփայելու համար դու ընտրեցիր երեկոն
և սկսեցիր քեզ որոնել այնտեղ, ուր չկաս ինքդ,
և հայացքդ թափառեց փողոցներով,
մարդկանց մեջ,
սրճարաններում,
և հոգնությունից արցունքոտվեց հայացքդ`
ոչ մի փոփոխություն չնկատելով:

Իսկ նվագախումբն արդեն երկինք է բարձրանում,
իր ետևից տանելով ցնծությունից ոչինչ չնկատող
հրոսակախումբը երեխաների…

Ինչ հեշտ է մոռացվում նա, ով հեռվում է,
և ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,
երբ ինքդ ես հեռվում

 

ԵՎ ԲՈԼՈՐԸ ՔԵԶ ԿԱՍԵՆ` ՄԻ ԳՆԱ

Բանաստեղծն ուզում է լինել անհամեմատ բարի:
Բանաստեղծը սիրում է աշունը,
նա թափառում է փողոցներով
և հետո մտնում է իր հին սրճարանը,
սուրճ է վերցնում և սկսում է ծխել:
Իսկ դրսում արդեն սկսում են վառվել լապտերները,
իսկ կինոդահլիճներում հանգում է լույսը,
և ինչ-որ ժամանակահատվածում
մարդիկ անգործ նստում են և հուզվում` տեղի-անտեղի…
Բանաստեղծն ուզում է լինել ամենաշատ հոգնած
և նա հենվում է սրճարանի ապակուն:
Բանաստեղծն ուզում է լինել ամենաշատ բարի
և ևս մի բաժակ սուրճ է վերցնում
և վառում է ծխախոտ` բավականին հմուտ ձևով:
Փողոցով անցուդարձ են անում
վերարկու հագած հրեշտակները,
նրանց քթերը կարմրել են ցրտից,
և նրանք փռշտում են,
և խաչակնքում արագ-արագ:
Հիմա արդեն ուշ է բավականին,
և բանաստեղծը բարձրացնում է գլուխը
և հոգնած ելնում է ոտի
և անհամեմատ բարի հրաժեշտ է տալիս բոլորին:
Դռան մոտ նա կախում է գլուխը,
կարոտով ու սիրով նայում է բոլորին
և այդպես կանգնում է այնքան,
մինչև արցունքները չորանում են:
Ու գլուխը բարձր պահած դուրս է ելնում փողոց,
և հրեշտակներն արագ-արագ շարք են կանգնում
և շարքով քայլում են նրա ետևից
աշնան համաչափ հեծկլտոցի տակ:

 

Նույն շարքից