Երևանի քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համագործակցությամբ մայրաքաղաքում շարունակվում են շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Ըստ այդմ, 2014 թվականին նախատեսված է վերանորոգել 727 մուտք: Ավելի քան 470-ում այդ աշխատանքներն արդեն ավարտված են։ Մուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում ընթանում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ պատուհանների փոփոխման աշխատանքներ: Շենքերի մեծ մասում նորոգումները ներառում են բոլոր հարկաբաժինները:
Վերանորոգման պատշաճ որակն ապահովելու և մուտքերը բնակիչներին երկար ծառայեցնելու համար աշխատանքների նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն: Մայրաքաղաքում առկա շուրջ 5 հազար բազմաբնակարան բնակելի շենքերը, որոնք թեև բաժնային սեփականություն են և դրանցից յուրաքանչյուրի օժանդակ տարածքների նորոգման, բարեկարգման ու պահպանման պարտավորությունը բացառապես բաժնային սեփականատեր համարվող բնակիչներինն է, այդուհանդերձ Երևանի քաղաքապետարանը պարբերաբար ուսումնասիրում և կոնկրետ ծրագրեր է իրականացնում առկա խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ։