Հայաստան Քաղաքական գլխավոր 

Էդմոն Մարուքյանն առաջարկում է այլ անձանց փոխարեն քվեարկելու համար պատժել ազատազրկմամբ

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես պարզաբանում է պատգամավորը, առաջարկում է քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձևով պատիժը:

Պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագծի մշակման համար հիմք է եղել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում անցկացված բոլոր քվեարկություններից, այդ թվում նաև վերջին սահմանադրական հանրաքվեից հետո 153-րդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ մշտապես պատիժ է նշանակվում 500.000-600.000 ՀՀ դրամի չափով տուգանք:

Նշված սանկցիան համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող և դրանով ժողովրդավարության դեմ ոտնձգող անձանց կատարած հանցանքին: Քաղաքացու այդ սահմանադրական իրավունքը խախտողների դեմ պետք է կիրառվի արժանի պատիժ՝ բացառապես ազատազրկման ձևով:

«Ակնհայտ է, որ հանցագործության բացահայտման դեպքում, երբ որպես պատիժ կիրառվում է տուգանք, այդ գումարը վճարվում է հանցանքի «պատվիրատուի» կողմից: Այսպիսով, իրավախախտման հեղինակը որևէ անձնական պատասխանատվության իրականում չի ենթարկվում:

Նախագծի ընդունման պարագայում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու մտայնություն ունեցող քաղաքացին կգիտակցի, որ իր հանցանքի բացահայտման դեպքում նա անձամբ է կրելու իր պատիժը և որ այն լինելու է բավականաչափ խիստ, ինչը չի կարող ազդեցություն չունենալ խնդրո առարկա հոդվածով հանցագործությունների նախականխման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից