Հայաստան Քաղաքական 

Մեր ժողովրդի ամենամեծ պրոբլեմն այսօրվա բարոյահոգեբանական վիճակն է. Լյուդմիլա Սարգսյան

ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց. «Մեր ժողովրդի ամենամեծ պրոբլեմն այսօրվա բարոյահոգեբանական վիճակն է, հույսի, սեփական կարևորության բացակայությունը»:

Ըստ նրա, ժողովուրդն իր սահմանադրական իրավունքն իրացնելու հնարավորությունից զուրկ է, ընտրությունների վերջնական արդյունքը ժողովրդի ձայնից կախված չէ:

Պատգամավորի խոսքով, ստեղծված բարոյահոգեբանական ծանր  իրավիճակը կարող է վերացվել Ընտրական օրենսգրքի կատարելագործմամբ:

Լ.Սարգսյանի խոսքով, ընդդիմությունը բազմաթիվ առաջարկություններով է հանդես եկել, սակայն դեռևս պարզ չէ, թե այդ առաջարկություններից որոնք են ընդգրկվել Ընտրական նոր օրենսգրքի նախագծում:

Պատգամավորն անընդունելի համարեց Ընտրական օրենսգրքի նախագիծն առանց քաղաքական ուժերի հետ քննարկելու Վենետիկի հանձնաժողով ուղարկելը:

«Ոտնահարվել է քաղաքական ուժերի, ժողովրդի շահերը, քանի որ նրանց տեսակետն անտեսվել է: Լրջագույն փաստաթուղթ է, որի վրա պետք է աշխատեն բոլոր քաղաքական ուժերը»,- ասաց Լ. Սարգայանը՝ մտավախություն հայտնելով, որ այսպես այն Ազգային ժողով մտնելուց հետո արագ տեմպերով կընդունվի, երկար ժամանակ չի տրվի քննարկելու համար:

Նրա կարծիքով, եթե Ընտրական նոր օրենսգրքում ընդգրկված լինեն ընդդիմության առաջարկությունները՝ ցուցակների մաքրում, էլեկտրոնային գրանցում և քվեարկություն, ընտրատեղամասերում ցուցակների տեղադրում, իշխանությունն առիթ չի ունենա այլևս ասելու, որ ընդդիմությունը կգտնի մի բան ու կրկին կհայտարարի, որ ընտրությունները կեղծվել են:

Նույն շարքից