Հայաստան Քաղաքական 

Հայաստանցիների համար Շվեյցարիա մուտքի արտոնագրային ռեժիմը դյուրացվելու է

Շվեյցարիա մուտքի արտոնագրային ռեժիմը դյուրացվելու է հայաստանցիների համար։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են երկւ երկրների ԱԳՆ նախարարները։

Ժնեւում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ-շվեյցարական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, որոնց լիցք է հաղորդում բարձր մակարդակով շարունակական երկխոսությունը:

Դիդիե Բուրկհալտերն իր հերթին նշեց, որ Շվեյցարիան կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ արվեց առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը, խորհրդարանական կապերին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանը:

Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրներ։ Հույս հայտնվեց, որ Սիրիայում հրադադարի մասին ռուս-ամերիկյան համատեղ հայտարարությունը ճանապարհ կհարթի Սիրիայում խաղաղություն եւ կայունություն վերահաստատելու համար:

Էդվարդ Նալբանդյանը շվեյցարացի իր գործընկերոջը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Դիդիե Բուրկհալտերը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման մասին համաձայնագիրը:

Նույն շարքից