Հասարակություն 

Ոստիկաններն ամուսիններին ապօրինի պահել են բաժնի վարչական շենքում

analitik.am

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով տուժող Անանիա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներն իրեն ու իր կնոջը 2014թ.ապրիլի 17-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի պահել են բաժնի վարչական շենքում: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։ 

 

Այդ ընթացքում ոստիկանները հորդորել են քրեական գործի շրջանակներում կատարվելիք անձի ճանաչման քննչական գործողության ժամանակ մատնացույց անել իրենց կողմից ներկայացրած լուսանկարում պատկերված անձին: Հակառակ դեպքում` ոստիկանության աշխատակիցները սպառնացել են իրեն քրեական պատասխանատվության ենթարկել նույն բաժնում քննվող մեկ այլ քրեական գործով: Ոստիկանների սպառնալիքների տակ Անանիա Գ.-ն կատարել է նրանց պահանջները: 

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Կատարվում է նախաքննություն:  

 

 

Նույն շարքից