Հայաստան Քաղաքական 

Կառավարությունը հաստատեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը և այն կներկայացնի Ազգային ժողով:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ նախագծի վերջնական տարբերակը կձևավորվի ակտիվ քաղաքական քննարկումների միջոցով, որի ընդունման վերջնաժամկետը հունիսի մեկն է:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հիմնական քննարկումների բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ, այդ իսկ պատճառով էլ քննարկումների մասը կկայանան Ազգային ժողովում:

«Նախագծի ընդունման համար ազդարարում ենք հանրային քննարկումների փուլը, որը պետք է տեղի ունենա խորհրդարանում: Ընտրական օրենսգրքում տեղի է ունեցել երկու կարևոր նորամուծություն: Մասնավորապես, առաջարկվում է Գյումրի և Վանաձոր քաղաքներում համայնքի ղեկավարի ընտրություններն անցկացնել անուղղակի, ինչպես Երևանում: Սա առաջին քայլն է, և  կարծում եմ, որ այս ցանկը հետագայում կընդլայնվի, ու մենք կգնանք քաղաքական ուժերի դերի մեծացման համայնքներում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Մյուս նորամուծությունը, որը սահմանված է Սահմանադրությամբ, ԱԺ-ն պետք է ձևավորվի համամասնական ընտրությունների արդյունքում, մեծամասնականի տարբերակն այլևս չի նախատեսվում:

Միաժամանակ, Դավիթ Հարությունյանն ասաց, որ օրենսգրքով լուրջ փոփոխություններ են կատարվել ԿԸՀ կազմի ընտրության կարգում:

Ըստ այդմ՝ ԿԸՀ-ն պետք է ձևավորվի ԱԺ-ի կողմից, ընդ որում՝ ապահովելով պատշաճ քաղաքական բալանսը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-րդը, ինչը կազմում է խորհրդարանի պատգամավորների 60 տոկոսը:

«Նախագծում ընդունել ենք հիմնականում վերջին երկու ընտրությունների արդյունքներով ներկայացված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտողություններն և առաջարկությունները»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ օրենսգրքով սահմանված է նաև կայուն խորհրդարանական մեծամասնության մոդելը, որը կազմելու է պատգամավորների 54 տոկոս:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս օրենսգրքում երկարաժամկետ նպատակներ են դրված, այս ընտրական մոդելը հնարավորություն է ընձեռում ժամանակի ընթացքում տարածքներում ձևավորել ուժեղ կուսակցական ներկայացվածություն:

 

Նույն շարքից