ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը խորանալու է ոլորտի խնդիրների մեջ և փորձելու է դրանց վերաբերյալ օպտիմալ լուծումներ գտնել:
Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ լրագրողներին խոստանալով ոլորտի հետ կապված հարցերի վերաբերյալ մանրամասն խոսել միառժամանակ հետո:
«Կադրային փոփոխություններ առայժմ չեմ նախատեսում, քանի որ դեռ ծանոթանում եմ նախարարության աշխատանքներին»,-ասաց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ ԱՊՀ-ի տարածքում էլեկտրաէներգիան ամենաթանկն է ՀՀ-ում, Լևոն Յոլյանն ասաց, որ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի և նախարար, կցանկանա, որ այն լինի շատ մատչելի:
Դիտարկմանը, որ նրանք, ովքեր ներգրավված էին Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբում և կուսակցական չէին, հանրաքվեից կարճ ժամանակ անց պաշտոն ստացան, այդպիսով միգուցե իշխանությունները վարձահատո՞ւյց եղան աշխատանքի համար, Լևոն Յոլյանը պատասխանեց. «Ես ընդգրկված եմ եղել ոչ միայն «Այո»-ի շտաբի աշխատանքներին, ընդգրկված եմ եղել և՛ Ազգային ժողովի, և՛ նախագահական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության աշխատանքներում»:
Նախարարը չի անդամակցում Հանրապետական կուսակցությանը, քանի որ ունի համապատասխան մոտեցումներ, և ըստ իրեն, երբևիցե, բացի Կոմունիստական կուսակցությունից, որի շարքերն ընդունվել է ուսանող տարիներին, այլ կուսակցության անդամ չի եղել:
Լրագրողների հետ զրույցում Լևոն Յոլյանն անդրադարձավ նաև իր անվան հետ կապվող բիզնեսի՝ «Սամսունգ» խանութների ցանցին:
«Ես 1994-98 թվականներին բնակվել եմ Մոսկվայում, առաջին իսկ հաջողության դեպքում ընտանիքով ներդրումներ ենք արել Հայաստանում: Բոլորդ երևի թե տեղյակ եք, 1996թ. առաջին լավ, նոր վերանորոգված խանութն Ամիրյան 12 հասցեում գտնվող «Samsung» ֆիրմային խանութն էր, որը մինչև վերջերս գործում էր: Խանութը մինչև 2006 թվականի վերջը աշխատել է, այս տարիների ընթացքում բազմիցս եղել է հարյուր խոշոր հարկատուների ցանկում: Վերջին տարիներին ինչ-որ խնդիրներ առաջացան: Գյումրիում խանութ կար, Մաշտոցի պողոտայի վրա խանութ կար: Դրանք փակվել են»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ խանութով միշտ զբաղվել է իր տնտեսագետ կինը: