Հայաստան Քաղաքական 

Վենետիկի հանձնաժողով ուղարկվել են փաստաթղթի սկզբունքային կետերը.

Ցանկացած իրավական փաստաթուղթ Վենետիկի հանձնաժողով ուղարկելու երեք տարբերակ գոյություն ունի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ մատնանշելով այդ փուլերը՝ նախագծային, մշակման ու ավարտական։ Եվ քանի որ ժամանակը սեղմ է, որոշվել է Ընտրական նոր օրենսգրքի փաստաթուղթը նախագծային փուլում ուղարկել։

«Բավականին լուրջ շահարկվեց այն փաստը, որ փաստաթուղթը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով մինչ հրապարակվելը, ու շահագրգիռ կողմերը չեն կարողացել մասնակցել մշակմանը։ Նախ Վենետիկի հանձնաժողովը բարձր որակավորում ունեցող մասնագետների խումբ է, որոնք եզրակացություն են տալիս այս կամ այն փաստաթղթին»,–ասաց նա։

Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողով իշխանության կողմից թաքուն ուղարկելու մասին ձևակերպումը քաղաքական դաշտի գունավոր ֆոնն ապահովելու համար է։

«Եզրակացությունը կլինի մարտի 15-ից 16-ը, իսկ ընդդիմադիրները ևս կարող են իրենց համար խնդրահարույց կետերը ուղարկել Վենետիկի հանձնաժողով»,-ասաց նա։

Հարցին, թե Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է նախնական տարբերակը, իսկ կառավարությունը ներկայացրել է մշակվածը, արդյո՞ք այստեղ խնդիր չի առաջանում, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Վենետիկի հանձնաժողով ուղարկվել են փաստաթղթի սկզբունքային կետերը»։

Նույն շարքից