Հայաստան Քաղաքական 

«Ժիգուլի» է, որքան էլ ներկես, «Մերսեդես»» չի դառնա. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կուսակցության մոտեցումը Ընտրական նոր օրենսգրքի նախագծի նկատմամբ՝ նշելով, որ իրենք պահանջում են ներառել հետևյալ դրույթները՝ քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում, հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակների ապահովում, մատնահետքերով ընտրողների գրանցում, ընտրատեղամասում առցանց նկարահանում, համամասնական պարզ համակարգի ներդրում՝ առանց վարկանիշային սկզբունքի։

«Ընտրական օրենսգիրքը պետք է ներկայացվի այնպիսի բովանդակությամբ, որը կկարողանա միջազգային չափանիշներին համապատասխան ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնել մեր երկրում՝ մեկ քաղաքացի, մեկ ընտրող, մեկ քվեարկություն սկզբունքով։ Ներկայումս ՀՀ-ից հարյուր հազարավոր քաղաքացիներ են բացակայում ու ամեն ընտրության  ժամանակ դատարկ բնակավայրերում մինչև 90%, անգամ 100%-ից ավելի ընտրություն է ապահովվում»,-ասաց նա։

Արմեն Մարտիրոսյանը նոր ԸՕ-ն ամբողջովին անընդունելի է ու այն ոչ Հայաստանում ժողովրդավարության զարգացման առաջ քայլ է, այլ հակառակը։

«Մեր իշխանությունները, իբրև թե, այնպիսի մեխանիզմներ են ուզում կյանքի կոչել, որոնք ընդունված են միջազգային հանրության կողմից, բայց բոլորը մշակվում են այնպես, որ հարմարեցվեն իշխանության վերարտադրմանը։ Սա իշխանությունների վերարտադրման տեխնիկական, տակտիկական ծրագիրն է։ Եթե մեքենան ռուսական արտադրության հին «Ժիգուլի» է, որքան էլ ներկես, ինչ-որ բաներ ավելացնես, միևնույնն է, դա «Ժիգուլի» է, ոչ թե «Մերսեդես»»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը։

Դիտարկմանը, թե իշխանությունը շատ է կարևորում այն, որ ներդրվելու է ընտրողների էլեկտրոնային գրանցման եղանակ, որը կբարձրացնի հավատը ընտրությունների թափանցիկության մասին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դա վերաբերում է հիմնականում այն մարդկանց, ում անձնագիրը «չիպով է», մյուսներին էլի ավանդական եղանակով են գրանցելու։
«Սա որևէ փոփոխություն չի առաջացնելու և նորից բացակա քաղաքացիների փոխարեն կգրանցեն մարդկանց։ Դրա համար մենք ասում ենք մատնահետքերով գրանցում ներդնել, որը կբացառի մեկը մյուսի փոխարեն քվեարկելու հնարավորությունը։ Ու դրանից հետո պարտադիր քվեարկածների ցուցակի հրապարակում»,-շեշտեց նա։

Նույն շարքից