Հայաստան Քաղաքական 

Դավիթ Լոքյանը ներկայացրել է Շիրակի մարզի նոր մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին և համայնքապետերին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին:

«Նոր մարզպետ Հովսեփ Սիմոնյանը լավ գիտի Շիրակի մարզն ու մարզի հոգսերը: Մարզպետին աշխատակազմին ներկայացնելիս ավելին ասելու կարիք չկա, քանի որ վերջին 15 տարիներին նա աշխատում էր մարզպետարանում: Նրա համար դժվար չի լինի շարունակել նախկին մարզպետի գործը»,-ասաց Լոքյանը:

Խոսելով արդեն նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մասին` Լոքյանը շնորհակալություն հայտնեց այն մեծ աշխատանքի համար, որ կատարել է Ցոլակյանը:

«Այսօր երկիրը պետք է շարժվի տարածքների տնտեսական զարգացման ծրագրով, դրա փորձն արդեն կա մի շարք երկրներում, օրինակ` Խորվաթիայում: Մենք պետք է իրականացնենք հստակ ռազմավարություն մարզերի և համայնքների զարգացման համար: Այս ընթացքում մարզում և Գյումրիում շատ բան է արվել, բ այց այդ աշխատանքը պետք է համակարգվի: Պետք է գործել այնպես, որ մտածենք ոչ միայն Գյումրու փողոցների վերականգնման մասին, այլ նաև` տուրիզմի: Երևանում նստած հաճախ շատերը չգիտեն, թե ինչ հնարավորություններ ունի Գյումրին: Ես արդեն հանձնարարել եմ, որ մարզպետն աշխատի այս ուղղությամբ»,-ասաց նախարարը:

«Մենք չպետք է մտածեք, որ մարզպետի փոփոխությունը նշանակում է համակարգի փոփոխություն: Քաղծառայողը պետք է լինի պաշտպանված: Եթե լավ մասնագետ եք ու գիտակ, պետք է մնաք ու աշխատեք, իսկ եթե ունակ չեք աշխատելու, պետք է հրաժարվեք աշխատանքից»,-նշեց Դավիթ Լոքյանը` կրկին շնորհավորելով Սիմոնյանին, մաղթելով ամենաառաջինը մարզում տրամադրության փոփոխություն և համերաշխ աշխատանք համայնքապետերի և մարզը ներկայացնող պատգամավորների հետ:

Հովսեփ Սիմոնյան էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար` հույս հայտնելով, որ խնդիրները կլուծվեն համատեղ աշխատանքի դեպքում:

Նույն շարքից