Հեղինակավոր Washington Times-ում Caspian Group Holdings-ի գործադիր տնօրեն Ռոբ Սոբհանին իր հոդվածում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև այդ հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հնարավոր միջամտություններին:
«Այն ժամանակ, երբ համաշխարհային առաջնորդների համար կարևոր է պայմանավորվել, թե ինչպես է հնարավոր միջուկային զենքը լավագույնս հեռու պահել վտանգավոր պետություններից կամ ահաբեկչական խմբերից, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ներկայությունն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ընձեռում է եզակի պատմական պահ՝ առաջատար դեր ստանձնելու Խորհրդային կայսրության փլուզումից հետո առաջացած ամենախնդրահարույց հակամարտություներից մեկի լուծման հարցում:
Երկու երկրներն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կշահեն խաղաղության հաստատումից: Հակամարտության դիվանագիտական լուծումը, որին կդիմեն ամերիկացիները, կնպաստի աճին հետկոնֆլիկտային միջավայրում»,- գրում է Սոբհանին:
Այնուհետ Ռոբ Սոբհանին անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման պատմությանը: Նրա դիտարկմամբ՝ կարող է ստեղծվել Հայ-ադրբեջանական հաշտեցման ու վերակառուցման հիմնադրամ, որը ներդրումներ կարող է անել ենթակառուցվածքային նախագծերում, Հայաստանի միջոցով ու Ադրբեջանի ֆինանսներով Եվրոպա գազ արտահանող խողովակաշարը կընդլայնվի:
Հոդվաշագիրը նշել է, որ Օբաման պետք է աշխատի հակամարտության երկու կողմերի նախագահների հետ: «Օբաման պետք է համոզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որ ԱՄՆ-ը նրանց մեջքով չի շրջվի, ու գործունակ լուծումը կարող է բավարարել երկու ազգերին՝ թույլ տալով նրանց քաղաքացիներին ապրել խաղաղության մեջ, և տալ նրանց վերջապես հնարավորություն՝ զարգացնելու վստահությունը, լինել լավ ու համագործակցող հարևաններ աշխարհի այդ անհանգիստ տարածաշրջանում»,- գրել է հոդվածագիրը։