Հասարակություն 

Հաքերը հափշտակել է մալայզիական Boeing 777 օդանավի անհետացման հետաքննության տվյալները

Անհայտ հաքերը հափշտակել է Malaysia Airlines ավիաընկերության՝ մարտի սկզբին անհետացած Boeing 777 օդանավի գործով հետաքննության ստացած տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով մալայզիական Star թերթին:

 

МН370-ի անհետացման հետաքննությամբ զբաղվող կառույցներում պաշտոնյաների համակարգիչները հաքերական հարձակման են ենթարկվել: Այդ թվում՝ Մալայզիայի Քաղավիացիայի վարչության, Մալայզիայի Ազգային անվտանգության խորհրդի և  Malaysia Airlines ավիաընկերության:

 

Հաքերը նշված կառույցներին նյութ է ուղարկել, որում հայտնել է, թե կորած Boeing-ը հայտնաբերվել է: Հենց պաշտոնյաները բացել են համակարգչային վիրուս պարունակող նյութը, ծրագիրը ներթափանցել է նրանց համակարգիչներ և տեղեկություններ ուղարկել հաքերին:

 

Ենթադրվում է, որ հաքերը գործել է Չինաստանից, նա կարողացել է ներթափանցել 30 համակարգիչ:

 

Այս տարի մարտի 8-ին Malaysia Airlines-ի՝ Կուալա Լումպուր - Պեկին չվերթն իրականացնող Boeing 777-200 օդանավը՝ 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով, անհետացել է: Մինչ այժմ չվերթի ճակատագիրն անհայտ է:

 

Նույն շարքից