Հասարակություն 

Իրաքի գրոհայիններից փրկված եզդի Խոդեդեի պատմությունը գրում է Daily Mail (լուսանկարներ)

 

Բրիտանական Daily Mail թերթն անդրադարձել է Իրաքի գրոհայիններից փրկված եզդի Խալուֆ Խոդեդեի պատմությանը, ով մինչ տեղահանվելն ապրել է Կոչո գյուղում:

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ներխուժել է Իրաքի հյուսիսային հատվածում գտնվող այդ գյուղ և բնակիչներից պահանջել կրոնափոխ լինել ու դառնալ մուսուլման, հակառակ դեպքում՝ սպառնալով սպանել բոլորին, գրում է Daily Mail-ը:

 

Գյուղում բնակվել են եզդի ընտանիքներ: Բոլորը համաձայնել են կրոնափոխ լինել՝ իրենց կյանքի համար վախենալով, բացի գյուղապետից, ով պաշտպան է կանգնել հին եզդիական հավատքին և հրաժարվել մուսուլման դառնալ (Իրաքի եզդիները Զրադաշտականություն են դավանում): Գյուղապետի որոշումից հետո եզդի տղամարդիկ նույնպես հրաժարվել են:  

 

Խալուֆ Խոդեդեն իր կնոջ հետ փախուստի է դիմել այդ գյուղից, այսօր հիշում է, թե ինչպես իր գյուղի 80 տղամարդկանց սպանեցին, իսկ բոլոր կանանց և երեխաներին առևանգեցին:

 

Կոչո գյուղը գտնվում է տխրահռչակ Սինջար լեռան մոտ, որտեղ ապաստան են գտել տարբեր գյուղերից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մազապուրծ եղած փախստականներ:

 

Փրկված գյուղացիները կարողացել են տեղավորվել Դոհուկ քաղաքի տարբեր լքված շենքերում և կամուրջների տակ: Նրանք պատմում են, որ ահաբեկիչները նրանց զենքի սպառնալիքով տարել են շենքի ներս և ապա թալանել ոսկիներն ու դրամական միջոցները:

 

Ականատեսները նաև պատմում են, որ ահաբեկչական խումբը նստեցրել է նրանց ավտոբուսներ և ասել, որ իրենց տեղափոխում են Սինջար լեռ, սակայն ճանապարհին մեքենան կանգնել է, և ահաբեկիչներն անկանոն կրակ են բացել ուղևորների վրա: Այդ ժամանակ Խոդեդեն դիմել է փախուստի՝ կորցնելով կապն ընտանիքի հետ:

 

Խոդեդեն անհանգստանում է իր ընտանիքի համար, քանի որ իր մայրը, կինը և երեք երեխաները հնարավոր է՝ գտնվում են Թալ Աֆարի մոտ գտնվող համակենտրոնացման ճամբարում:

Նույն շարքից