Հասարակություն 

Ամո Շարոյան. Ցեղասպանություն է կատարվում եզդիների նկատմամբ, դրված է եզդի ազգի ոչնչացման հարցը

«Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Ամո Շարոյանն այսօր մամուլի ասուլիսում ասաց, որ Ցեղասպանություն է կատարվում է եզդիների նկատմամբ, դրված է եզդի ազգի ոչնչացման հարցը և պատասխանատուն այն երկիրն է, ում տարածքում դա տեղի է ունենում: Նա նշեց, որ երբ նայում ես նկարները, թե ինչպես են կոտորում եզդիներին, թվում է՝ գտնվում ես Հայոց ցեղասպանության թանգարանում, և տարբերությունն այն է, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915 թվականին:

«Մեզ շատ է ուրախացրել հայկական երկրորդ հանրապետությունից հնչած այն հայտարարությունը, որ Արցախը պատրաստ է ընդունել փախստական եզդիներին: Շնորհակալություն ղարաբաղցիներին, բոլոր բոլորին համապատասխան վերաբերմունքի համար»,-ասաց նա:

Ամո Շարոյանը նշեց, որ թեև սկզբնական շրջանում Հայաստանն իրեն պասիվ պահեց, սակայն հիմա ամբողջ հայ ժողովուրդը կանգնած է եզդիների կողքին: «Կարևոր չէ մարդասիրական օգնության չափը, կարևորը վերաբերմունքն է, և Հայաստանն իր հստակ վերաբերմունքը հայտնել է»,-ասաց նա:

ՀԿ ղեկավարն ասաց, որ բոլոր եզդիները համախմբվել և ստեղծել են եզդիների փրկության կոմիտե, որը ղեկավարում է իրենց հոգևոր առաջնորդի որդին: «Շանգալի եզդիների ինքնավար հանրապետություն են փորձում ստեղծել ՄԱԿ-խաղաղապահ ուժերի օգնությամբ, որպեսզի մարդիկ զգան, որ ապահոված են»,-ասաց նա:

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ փոխնախագահ Գյուջիս Քոչոյանը նշեց, որ հիմա իրենք խնդիր ունեն եզդիների մեջ հավատ ներշնչել, տարածքներն ազատագրելուց հետո ժողովրդին համոզել, որ հետ վերադառնան, քանի որ այդ տարածքները հազարավոր տարիներ եզդիների պապական տարածքներն են եղել:

Դիտարկմանը, թե երեկ եզդիների միության նախագահը հայտարարեց, որ Ցեղասպանությունը կատարվում է քրդերի կողմից, Ամո Շարոյանն ասաց, որ քրդերն այսօր օգնում են եզդիներին:

Նույն շարքից