Հայաստան Քաղաքական 

ԼՂՀ նախագահի պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա. Դավիթ Բաբայան

Արցախում սահմանադրական բարեփոխումների առնչությամբ տեղի իշխանությունների պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա, քննարկումները շարունակվում են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Արցախի խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների` փետրվարի 23-ին նախագահ Բակո Սահակյանին ուղղված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու առաջարկին:

«Քաղաքական ուժերը հանդես են եկել նման առաջարկով, որպեսզի ստեղծվի մասնագիտական հանձնաժողով: Քննարկումներն այդ ուղղությամբ շարունակվում են: ԼՂՀ նախագահի պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով` ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումն այդ հարցում: Միաժամանակ, Արցախի նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումների հարցը պետք է վերջնականապես որոշի ժողովուրդը` հանրաքվեի միջոցով, իսկ թե ինչպիսին կլինի նրա կարծիքն այդ հարցում` ժամանակը ցույց կտա:

ԼՂՀ նախագահին ուղղված փաստաթուղթը ստորագրել են «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ», Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական, Արցախի հանրապետական կուսակցությունների ղեկավարները:

 

Նույն շարքից