Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի ոստիկանության հայ սերժանտը, որն ավելի վաղ վարչակազմին մեղադրել էր իր հանդեպ խտրական վերաբերմունքի համար, մեղադրվում է մարմնավաճառության դրդելու մեջ, գրում է «Glendale News-Press»-ը:
Վահագն Մարտուն Մարտիկյանը, որի կոչումն իջեցրել էին 2012 թ.՝ ծառայակիցներին հետապնդելու և ստորացնելու մեղադրանքով, անցյալ տարի Գլենդելի քաղաքացիական ծառայության հանձնաժողովի լսումների արդյունքում վերադարձրել էր իր կոչումը : Սակայն այս տարվա օգոստոսին նա բանտարկվել էր Քլարք շրջանում, երբ քաղաքացիական հագուստով խուզարկուի տեղակալ Ժյուստին Գատուսին առաջարկել էր անալ սեքսի համար 250 դոլար վճարել:
Գիշերվա ժամը երկուսին Մարտիկյանը դուրս էր եկել Լաս Վեգասի «Ֆլամինգո» խաղատնից, իսկ հետո սկսել խոսել Գատուսի հետ: Հարցնելով՝ արդյոք նա ոստիկան չէ, և հերքելով, որ ինքն էլ է ոստիկան, սերժանտն սկսել էր աղջկա հետ խոսել այն մասին, թե ինչ սեռական ծառայություններ վերջինս կարող է մատուցել տարբեր գների դիմաց: Պայմանավորվելով գնի և ծառայության մասին՝ երկուսն էլ դուրս էին եկել՝ մտադրվելով հանդիպել ավտոկայանատեղիում: Այդ պահին երկու այլ լասվեգասցի ոստիկան ձերբակալել էին Մարտիկյանին: