Հասարակություն 

Թուրքերի` Երևանի կապույտ մզկիթում նամազ անելու ցանկությունը պարզունակ հակաքարոզչություն է. թուրքագետ

analitik.am

Թուրքիայի Իգդիր քաղաքի մի շարք ՀԿ-ների նախաձեռնությունը` դիմել երկրի արտգործնախարարույթուն և Երևանում գտնվող կապույտ մզկիթում ուրբաթօրյա նամազ անելու թույլտվություն ստանալ, ընդամենը քարոզչական քայլ է, այն էլ` խիստ պարզունակ: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկանի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ համապատասխան ընթացակարգ անցնելուց հետո Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի կարող է գալ Հայաստան, ոչ թե ի ցույց բոլորի դիմել ԱԳՆ-ին:

 

Հիշեցնենք`Թուրքիայում Իգդիրի Հ/Կ-ները դիմել են երկրի արտաքին գործերի նախարարություն` ասելով, որ ցանկանում են Երևանում գտնվող կապույտ մզկիթում ուրբաթօրյա նամազ անել: Նրանք դիմել են արտգործնախարարություն` թույլտվություն ստանալու, ինչպես նաև պահանջելով, որ վերջինս նախաձեռնությունը իրականացնելու համար Հայաստանից անվտանագության երաշխիք ստանա:

 

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, վերջին շրջանում Թուրքիայում հայ ուխտավորների նկատմամբ հակաքարոզչական տրամադրություններ են նկատվում և Կապույտ մզկիթում աղոթելու թուրքերի ցանկությունը կարելի է դիտարկել այդ շրջանակներում: «Իրենք ասում են հայերն ուխտի են գալիս իրենց սրբավայրեր, Արևմտյան Հայաստանի եկեղեցիներում կրոնական ծիսակատարություններ իրականացնում, ինչու մենք չենք կարող գնալ` նույնը Երևանում անել»,- նշեց թուրքագետը:

 

Ամփոփելով` Ռուբեն Մելքոնյանը, սակայն, ուշադրություն հրավիրեց երկու կարևոր հանգամանքի վրա: Նախ` Երևանի կապույտ մզկիթը իրանական է` շիական, իսկ թուրքերը մեծամասամբ սուննիներ են: Եվ երկրորդ, քանի որ նախաձեռնությունը ադրբեջանաբնակ Իգդիրից է, առավել հավանական է, որ Թուրքիայի ԱԳՆ դիմածները հենց ադրբեջանցիներ լինեն, որոնց համար կարևոր չէ` մզկիթը սուննիական, թե շիական կլինի:

Նույն շարքից