Հասարակություն 

Հյուսիսային պողոտան կբարեկարգվի հոկտեմբերին

Հյուսիսային պողոտայի բարեկարգման հիմնական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի կեսերին. այս մասին այսօր հրավիրված հաշվետու ասուլիսին ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։

«Սալահատակների աշխատանքներն ավատված կլինեն, օգտագործվում են կոշտ նյութեր նախկին սվաղի փոխարեն, բնական քարեր են օգտագործում, մակերեսը մեծացված է և թփերի փոխարեն ծառեր են նախատեսվում, լուսավորությունն էլ է փոխվելու և նոր լուսավորություն է լինելու, նաև թարմ և ժամանակակից քանդակներ են տեղադրվելու»,- ասաց նա և հավելեց, որ հույս ունեն, օրինակ՝ Հյուսիսային պողոտա տեղափոխել Երվանդ Քոչարի «Կիբերնետիկա» քանդակը և այլ քանդակներ։ Նախարարը նաև նշեց, որ ուղղաձիգ կանաչապատում կիրականացնեն հատկապես խուլ պատերի վրա, որի տեխնոլոգիաները Հայաստանում արդեն իսկ կան։

Հարցը, թե ինչու ավելի վաղ չէր որոշվել, որ պետք է լինեն օրինակ՝ ծառեր և ոչ թե թփեր, սալահատակների համար օգտագործվեն կոշտ նյութեր, նախարարը համեմատեց բժիշկների պատմության հետ. «Եթե մարդու կյանքը բժիշկը փրկում է, բայց մատին ինչ-որ սպի է մնում, գալիս են բժշկին մեղադրում են, թե ինչու ես սպին թողել։ Հիմա հարցի ենթատեքստը դա է, ես չեմ դադարում դրա մասին ասել, որ այդ 10 հա տարածքը արևելյան ետնախորշերով տարածք էր, որը ժամանակի իշխանությունները և մասնագետներն ունեցան այդ կամքը, մտան այդ խնդրի տակ, և ունեցանք այն, ինչ ունենք, որից 3-4 հա տրվեց հանրությանը և դարձավ ժամանակակից թաղամաս»։

Նարեկ Սարգսյանը հավատացած է, որ կանցնի ևս 10 տարի, տեխնոլոգիաները կփոխվեն և հնարավոր է նոր լուծումներ տրվեն պողոտային։ 

Նույն շարքից