Հասարակություն 

Խորհուրդ բոլորին` լողալ հանրային տարածքներում, որտեղ շուրջօրյա հերթապահում են ԱԻՆ փրկարարները

analitik.am

Օգոստոսի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ջրափրկարարների կողմից կատարավող աշխատանքները, անդրադարձել մահացությունների վիճակագրությանը և կրկին զգուշացրել. «Քանի որ այս տարի, ելնելով լավ եղանակային պայմաններից, հանգստացողների թիվն ավելի շատ է, խորհուրդ եմ տալիս մեր ազգաբնակչությանը հետևել փրկարարների կողմից տրվող ցուցումներին, խորհուրդներին և հորդորներին: Ջուր չմտնել ոգելից խմիչքներ և շատ սնունդ օգտագործելուց հետո, ջրային տրանսպորտից չցատկել, չլողալ անծանոթ ջրային տարածքներում, ինչպես նաև զննել լողափերում ստորջրյա ռելյեֆը` ջուր մտնելիս կամ ցատկելիս սուր ծակող կամ կտրող առարկաներից մարմնական տարբեր վնասվածքներ ստանալուց խուսափելու համար: Խորհուրդ եմ տալիս չանցնել տեղադրված լողանշանները և զգուշանալ հատկապես ջրային արագընթաց տրանսպորտային միջոցներից»:


Ա. Ճզմաչյանը հայտնեց նաև, որ այս տարի Սևանա լճում փրկարար ջոկատի ուժերով 23 մարդ փրկվել է, ջրահեղձ է եղել 4 մարդ` նախորդ տարվա 5 մարդու համեմատ: Նրանք, հիմնականում, ջրահեղձ են եղել չհսկվող տարածքներում: «Հատուկ փրկարարական ջոկատը կազմված է 38 փրկարարից, իսկ Սևանի ամբողջ ափի հսկողության համար, հաշվի առնելով լճի չափը, մեծ թվով աշխատակիցներ են անհրաժեշտ: Մեր ուժերով հսկում ենք հանրային երեք լողափ, արձագանքում նաև մասնավոր լողափերի ահազանգերին»:

Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարը մեկ անգամ ևս հորդորեց ակտիվ ամառային հանգիստ կազմակերպողներին անհրաժեշտության դեպքում զանգահարել 911 միացյալ հեռախոսահամարով և տվյալ տարածքին մոտ գտնվող ջոկատն արագ կարձագանքի, եթե, իհարկե, հանգստավայրում փրկարարներ չկան:

Այս տարի ջրափրկարարական ջոկատը կրկին վերազինվել է նոր և ժամանակակաից տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս տարվա ցանկացած եղանակին արագ օգնություն ցուցաբերել:
Փրկարարական ծառայությունը հանրային լողափերում իրականացվում է դիտարկման եղանակով` բարձր աշտարակների վրայից, մոտորանավակներով կատարվում են պրոֆիլակտիկ շրջայցեր, բարձրախոսերով ցուցումներ և հրահանգներ են տրվում:

Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Ճզմաչյանը կրկին հաստատեց, որ արտակարգ պատահարներ, հիմնականում, տեղի են ունենում տուժողների մեղքով` սահմանված կանոնները խախտելու հետևանքով:

Նույն շարքից