Հասարակություն 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խստորեն դատապարտել է եզդի ժողովրդի դեմ իրագործվող ջարդերն ու բռնությունները

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցության գիր է հղել համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսիմ Բեգին, որը վերջինիս փոխանցվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջոցով:


«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցություններն ենք հղում Ձեզ այս օրերին Իրաքում եզդի ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցող զանգվածային կոտորածների կապակցությամբ: Մենք խորապես անհանգստացած ենք Իրաքի հյուսիսային շրջաններում իրականացվող անմարդկային բռնությունների և դրանց հետևանքով բազմաթիվ զոհերի առնչությամբ», - ասված է Վեհափառ Հայրապետի գրության մեջ:


Խստորեն դատապարտելով եզդի ժողովրդի դեմ իրագործվող ջարդերն ու բռնությունները` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ բազմադարյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը կտոկա և կհաղթահարի իր առջև ծառացած այս փորձությունը: Նորին Սրբությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանն ու կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում:


Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որպեսզի վերահաստատվի խաղաղությունը Իրաքում և Իրաքի աստվածասեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ կյանքը հայրենի օջախներում:

 

Նույն շարքից