Հասարակություն 

Ադրբեջանի կառավարությունը ստիպված կլինի վճարել «Լանս» ակումբին

analitik.am

Ադրբեջանի կառավարությունը ստիպված կլինի վճարել օլիգարխ Հաֆիզ Մամեդովի գործունեության համար: Ադրբեջանական haqqin.az-ը, վկայակոչելով «Canal+»-ին, տեղեկացնում է, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների վերահսկողության հանձնաժողովը «Լանս» ակումբին արգելել է խաղացողների փոխանցում իրականացնել՝ նշելով, որ ակումբի բյուջեում գումար չկա: Եթե ակումբը մինչեւ սեպտեմբերի 1-ը չգտնի անհրաժեշտ գումարը, ապա կզրկվի առաջիկայում փոխանցումային պատուհանին մասնակցելու իրավունքից:


Հաֆիզ Մամեդովն ակումբին բազմիցս խոստացել է հնարավորինս արագ գումար գտնել եւ նրա հաշվին 10 մլն եվրո փոխանցել: Սակայն Ֆրանսիայում ադրբեջանցի օլիգարխին այլեւս ոչ ոք չի հավատում: Այդ պատճառով էլ ակումբի նախագահ Ժերվե Մարտելը որոշել է ուղղակի բանակցություններ սկսել Ադրբեջանի կառավարության հետ:


«Canal+»-ի տեղեկություններով, այդ բանակցություններում Ժերվե Մարտելը վկայակոչում է մի պայմանագիր, որի համաձայն՝ ֆուտբոլիստները պետք է առաջիկա երկու տարիներին խաղադաշտ դուրս գան «Land of Fire Azərbaycan» մակագրությամբ մարզաշապիկներով: Այդ պայմանագիրը ստորագրվել է Հաֆիզ Մամեդովի պնդմամբ, սակայն հաշվի առնելով նրա ֆինանսական ճգնաժամը՝ Ժերվե Մարտելը կարծում է, որ գովազդի համար պետք է վճարի Ադրբեջանը:


«Լանս» ակումբի նախագահն Ադրբեջանից 4 միլիոն եվրո է պահանջում: Ամենայն հավանականությամբ, բանակցություններն անցկացվում են Ադրբեջանի Երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության հետ:

Նույն շարքից