Հունգարիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում 10 օրվա ընթացքում համատարած մետաղական արգելափակոց կառուցել Ռումինիայի հետ սահմանի երկայնքով՝ ներգաղթյալների հոսքի ուժեղացման դեպքում: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Հունգարիայի ՆԳՆ ղեկավար Շանդոր Պինտերը:
Հունգարիան արդեն պատնեշ կառուցել է Սերբիայի և Խորվաթիայի հետ իր սահմաններին:
Բացի դրանից՝ Հունգարիան ոստիկանությանը և զինվորականներին կենտրոնացնում է իր հարավային սահմանների մոտ այն բանից հետո, երբ Սերբիան, Խորվաթիան և Սլովենիան ներգաղթյալների հոսքի սահմանափակման միջոցներ են ձեռնարկել՝ հայտնել է նախարարը:
«Հունգարիան կուժեղացնի իր սահմանների պաշտպանությունը: Մենք ամբողջ երկրում ճգնաժամային իրավիճակ ենք հայտարարում միգրացիոն ճգնաժամի պատճառով»,- ասել է Պինտերը: