Հասարակություն 

Պրահայում կայացել է Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո

Պրահայում Հայաստանի դեսպանությունում դեկտեմբերի 7-ին կազմակերպվել է Սպիտակի երկրաշարժի 25-ամյակին նվիրված հուշ-երեկո: Բացման խոսքով հանդես է եկել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով, մասնավորապես, նշել է. «Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ բարեկամ չեխ ժողովուրդը։ Մեզ հետ են այսօր նրանք, ովքեր կազմակերպել են այդ օգնությունը, եւ ես Հայաստանի Հանրապետության անունից իմ խորը երախտագիտությունն եմ հայտնում նրանց»: Այնուհետեւ դեսպանն ընթերցել է Չեխիայի Խորհրդարանի սենատոր  Յարոմիր Շտետինայի՝ արտերկրից ուղարկված հեռագիրը, ուր չեխ խորհրդարանականը մասնավորպես նշել է. «Ես բազմիցս եղել եմ Սպիտակում ու Գյումրիում եւ համոզվել, թե ինչ ուժ ու կամք ունի հայ ժողովուրդը»։

Երեկոն շարունակել է հայտնի չեխ լրագրող Դանա Մազալովան, ով պատմել է աղետից անմիջապես հետո տուժածներին օգնությունը կազմակերպելու մասին եւ մոմ է վառել զոհերի հիշատակին։ Միջոցառման ընթացքում Դանա Մազալովան հավաքվածներին ներկայացրել է 1989թ. նկարահանված՝ չեխ ռեժիսոր Միլան Մարիշկայի «Երկիր Արարատի ներքո» եւ «Վերապրածների կամուրջ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը: Ֆիլմերը մեծ համակրանքով եւ կարեկցանքով են պատմում հայ ժողովրդի եւ իր հինավուրց մշակույթի, Հայաստանի գլխին եկած մեծ արհավիրքի եւ միջազգային օգնության մասին:

Հաջորդիվ ելույթ է ունեցել «Մարդը կարիքի մեջ» ոչ-կառավարական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Շիմոն Պանեկը, ով եղել է՝ Չեխսլովակիայից Հայաստան, այնուհետեւ նաեւ՝ Լեռնային Ղարաբաղ ուղարկվող մարդասիրական օգնության համակարգողներից մեկը։ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը, որն այսօր մարդասիրական եւ մարդու իրավունքների պաշտպանության՝ Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ կազմակերպություններից մեկն է, ստեղծվել է հայ ժողովրդին մարդասիրական օգնություն կազմակերպելու առիթով: Պարոն Պանեկը նշել է, որ հայ ժողովրդին հասած արհավիրքը կիսով չափ փոխել է իր կյանքը:

Միջոցառման շրջանակներում կայացել է նաեւ աղետի գոտու հետ առնչություն ունեցած, Պրահայում բնակվող եւ ստեղծագործող հայ նկարիչների գործերի ցուցահանդես:

Հուշ-երեկոն, որին մասնակցել են Չեխիայի քաղաքացիական եւ մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ավարտվել է ընդունելությամբ:

Նույն շարքից