Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, իբր ԱՄՆ հետ հարաբերություններում ամեն ինչ լավ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

analitik.am
Մարտի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` կարծիք հայտնելով, որ Հայաստանի և Ռուսաստանի առաջնահերթությունները այս հարցերում համահունչ են և երկու կողմերն էլ շահագրգռված են տարածաշրջանի խաղաղությամբ: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Թբիլիսի այցին՝ քաղաքագետն նշեց, որ փորձագիտական մակարդակի քննարկումներ են լինելու:
Խոսելով ԼՂՀ ինքնիշխանության և անկախության ճանաչումից, Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ հայ համայնքը, հատկապես Միացյալ նահանգներում, ավելի շատ կենտրոնացած է Ցեղասպանության հարցերի վրա, քան մնացած այլ հարցերի. «Եթե նույն ռեսուրսների 20-30 տոկոսը ծախսվի հայ-ադրբեջանական հակամարտությունը ավելի ճիշտ ներկայացնելու վրա, կարծում եմ լուրջ հաջողություններ կունենանք»:
Ըստ նրա, իրականում այսօր Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցողը բացատրվում է բանակցությունները չշարունակելու նրանց ցանկությամբ. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանը հետևողականորեն ամեն ինչ արել է, որպեսզի բանակցային գործընթացը դադարի: Այժմ էլ օգտագործելով փետրվարյան այս ժամանակահատվածը փորձում էին աղդամյան դեպքերն իբրև Խոջալուի ցեղասպանություն  ներկայացնել Արևմուտքում և ինչ-որ հոդվածներ գրել»:

Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ամերիկյան թերթերում ադրբեջանցիները հրատարակած հոդվածներով նպատակ ունեին ցույց տալ, որ Հայաստանը տարածաշրջանում համագործակցում է բացառապես Ռուսաստանի հետ և այդ ճանապարհով փորձում են դաշնակիցներ գտնել Արևմուտքում իրենց քաղաքական դիրքն առաջ տանելու համար:

«Մյուս նպատակն էլ, հենց իրենց հասարակությանը ցույց տալն է, որ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում որոշակի տաքացում է սկսվել և այժմ Միացյալ նահանգների կողմից ավելի լոյալ վերաբերմունք կա նրանց նկատմամբ»,-ասաց քաղաքագետը:

Նույն շարքից