Առողջապահություն գլխավոր Մամուլի ակումբ 

Ալկոհոլի գովազդը պետք է արգելվի. Մասնագետներ

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում Երևան քաղաքից 2014 թվականին եղել է 2094 հիվանդ, որոնք տառապում են ալկոհոլիզմով, իսկ 2015 թվականին թիվն աճել է` հասնելով 2205-ի, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում այս մասին ասաց Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի դիսպենսերային բաժնի վարիչ Արտաշես Թումանյանը, կարծիք հայտնելով, որ տվյալները բավականին բարձր են և ամբողջ Հանրապետությունում մոտ 5 հազար հիվանդ է եղել հաշվառված և այս թվերն աճի միտում ունեն:

«Ամեն տարի հիվանդների թիվը մոտ 150-200-ով ավելանում է, սակայն անհուսալի վիճակ չկա, բոլոր վիճակներից էլ դուրս գալու հույս կա: Լինում են դեպքեր հոգեկան խանգարումներով, ծանր հետևանքներով և լինում են դեռ չբարդացած վիճակներ»,- ասաց բանախոսը, նշելով, որ չգիտեն, թե իրականում Հայաստանում քանի մարդ ունի հարբեցողության խնդիր, քանի որ հետևություններ անում են իրենց կենտրոն դիմած մարդկանց թվաքանակի համաձայն:

Մասնագետը հայտնեց, որ ստույգ վիճակագրություն չկա, թե հասարակության կոնկրետ որ սոցիալական շերտերն են բախվում այդ խնդրին. «Ալկոհոլիզմը ոչ միայն կարող է գեներով փոխանցվել, այլև հնարավոր է չարաշահման հետևանքով օրգանիզմը սովորեցնել ալկոհոլին: Կարող է լինի պաշտոնյա, ով օգտագործում է, կամ լինի սոցիալական վատ վիճակում գտնվող անձ, այս առումով տարբերություն չկա», -ասաց Թումանյանը, նշելով, որ սեռային առումով հաշվառված են ավելի շատ տղամարդիկ, սակայն վերջին տարիներին ավելացել է նաև հարբեցող կանանց թիվը՝ 2015 թվականին հաշվառվել է 64 կին:

Հանդիպման մյուս մասնակից ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանն ասաց, որ 2011 թվականից ամեն տարի Հայաստանում ալկոհոլից և թմրամիջոցներից թունավորման դեպքերը շատանում են: «2015 թվականի հունվարին եղել է 34, փետրվարին 25 ալկոհոլային թունավորում, այս տարի հունվարին եղել է 22, իսկ փետրվարին՝ 30 դեպք, այս թիվը կայուն է, սակայն վերջին տարիներին շատացել են երիտասարդների շրջանում ալկոհոլից թունավորման դեպքերը, ինչպես նաև թունավորումներ են գրանցվել կանանց շրջանում»,-ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ այդ թունավորումները կապված չեն խմիչքի որակի հետ:

Արտաշես Թումանյանը ևս նշեց, որ կանանց կողմից իրենց կենտրոն դիմելիությունն աճել է՝ այս պահին ևս կան բուժում ստացողներ: Կանանց դեպքում բուժումն ավելի բարդ է՝ կապված օրգանիզմի առանձնահատկությունների հետ: «Բավականին շատ են գարեջրային կախվածության դեպքերը կանանց մոտ: Ինչ վերաբերում է ընտանեկան կարգավիճակին, ապա կան ամուսնացածներ, կան, որ արդեն քայքայել են ընտանիքը, ալկոհոլիզմով տառապող ամենաերիտասարդ կանայք եղել են 25-30 տարեկան»-, ասաց Թումանյանը:

Ալկոհոլիզմի պարագայում ևս դիմում են այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում: Ինչպես նշեցին բանախոսներն այդ հիվանդությունից վերջնական բուժում չկա, այն խրոնիկական է , կա լավացում, որը կարող է երկար տևել, եթե կրկին չօգտագործի ալկոհոլ:

«Բազմաթիվ երիտասարդներ ալկոհոլ օգտագործելուն զուգահեռ օգտագործում են նաև թմրանյութեր, որը շատ անհանգստացնող է», -ասաց Թումանյանը հավելելով, որ ալկոհոլի գովազդները պետք է ընդհանրապես արգելվեն: Տեղեկացնենք նաև, որ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բուժումն անվճար է և արդյունավետ է, երբ հիվանդը բուժումը ստանում է ստացիոնար:

«2000 թվականից մինչ այսօր ընդհանրապես ավելանում է հիվանդների թիվը, թմրամիջոցների գործածումը 2014 թվականին Երևան քաղաքում եղել է 2758, իսկ 2015 թվականին արդեն 3007 է, որից ներերակային թմրամիջոցների գործածումը 1614 է, որոնց մեջ 77 կանայք կան, 1976 հոգի 20-40 տարեկան են», - թմրամիջոց օգտագործողների հակիրճ վիճակագրությունը ներկայացրեց Թումանյանը:

Բանախոսները նշեցին, որ հարբեցողության և թմրամոլության վիճակագրությունն արդեն հասել է վտանգավոր կետին, ուստի պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել: Նրանք կարևորեցին քարոզչության դերը՝ ֆիլմերում, հեռուստասերիալներում, գովազդներում և տարբեր միջոցներով ամեն օր քարոզվում է ալկոհոլը և թմրանյութերը, որոնք էապես վնասում են երիտասարդներին՝ տանելով նրանց կործանարար ուղով:

Թումանյանը նշեց նաև, որ Հայաստանում լայն տարածում են գտել «Սփայս» և «Կրոկոդիլ» տեսակի թմրանյութերը, որոնք ահռելի վնաս են հասցնում օրգանիզմին: «Սփայս» տեսակի թմրանյութեր օգտագործողների մոտ հոգեկան շեղումներ են առաջանում, իսկ «Կրոկոդիլ» տեսակի թմրանյութն էլ ամբողջովին քայքայում է օրգանիզմը՝ առաջացնելով անգամ փտախտ:

  • 81
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    81
    Shares

Related Articles