Առողջապահություն Հասարակություն 

Արմեն Մուրադյանը կարևորում է բուժօգնության որակի ապահովումը

Սանիտարական նորմերի և կանոնների,  կլինիկական չափորոշիչների և գործելակարգերի  պահպանումը, ինչպես նաև որակի վերահսկումը առաջնային պահանջ է, որը դրված է բժշկական կազմակերպությունների առաջ: Այս մասին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում բուժաշխատողների հետ ուշ երեկոյան հանդիպման ընթացքում ընդգծել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

Բժշկական կենտրոնի մասնագետների հետ քննարկման առանցքում էր նոր` որակի բաժիններ ստեղծելու հնարավորության հարցը:

«Շենքային և նյութատեխնիկական լավ պայմանները չեն կարող գործել  առանց որակական ցուցանիշների: Որակը պետք է լինի չափելի»,- նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվել է նաև բժիշկների պաշտպանվածությանը, բժշկական ծառայությունների ընդլայնմանը, բուժօգնության որակի  բարելավմանը  վերաբերող հարցերի, ինչպես նաև ներդրվող Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգին և բուժաշխատողների հավաստագրմանը:

Արմեն Մուրադյանը տնօրեն Արմինե Հովակիմյանի ուղեկցությամբ շրջել է նաև բժշկական կենտրոնի բաժանմունքներով, ծանոթացավ նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանը: Հետաքրքրվեց մատուցվող ծառայությունների տեսակներով, վիրահատական ծավալներով:  Նախարարին ներկայացվել է նաև  նորածնային բաժանմունքի և կանանց կոնսուլտացիայի աշխատանքը, ծնունդների ամսական և տարեկան ցուցանիշները:  Ուլտրաձայնային հետազոտության  սենյակներում Արմեն Մուրադյանն առաջարկել է փակցնել  աղջիկ երեխաների նկարեր: Այդ քայլը նրա գնահատմամբ`  կնպաստի  հասարակության շրջանում աղջիկ երեխայի անհրաժեշտության ու կարևորության գաղափարի ձևավորմանը:

ՀՀ առողջապահության նախարարը հորդորել է նաև կենտրոնի ղեկավարությանը քայլեր ձեռնարկել կենտրոնում  առաջատար մասնագետների ներգրավածությամբ մանկավարժական, ամբիոնական աշխատանք ծավալվելու ուղղությամբ:

2014թ. Երևանում բացվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնն ունի 5 վիրահատարան, ծննդատուն, ինտենսիվ բուժման, գինեկոլոգիական, էնդոսկոպիկ, ընդհանուր, միկրո և պլաստիկ վիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, ուռոլոգիայի, անոթային, ԼՕՌ բաժանմունքներ, լաբորատոր և ախտորոշիչ՝ ծառայություններ, ներառյալ՝ համակարգչային շերտագրություն (KT) և ռենտգեն։ Հիվանդանոցն ունի նաև պետական պատվերով իրականացվող ծառայություններ, որոնց թվում է ծննդօգնությունը։

Նույն շարքից