Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրքական հետախուզական ծառայությունը սպանությունն իրականցնող Օգյուն Սամասթի ու պատվիրատու համարվող Յասին Հայալիի գերդաստանն են ուսումնասիրել՝ հայկական արմատներ գտնելու նպատակով:
Այս մասին կա փաստաթուղթ, որը թվագրվում է 2007 թվականի հունվարի 23-ին։ Այսինքն՝ պատրաստվել է սպանությունից 5 օր անց։
Փաստաթղթում նշվում է, որ Տրապիզոնում 1981 թվականին ծնված Յասին Հայալի գերդաստանում 1904 թվականից հետո եղած տվյալներով ոչ մուսուլման լինելու մասին որևէ տեղեկություն չկա։
Նման եզրակացություն է տրվել նաև 1990 թվականին Սկյուտարում ծնված Օգյուն Սամասթի գերդաստանի առնչությամբ։ Սամասթների ընտանիքին առնչվող փաստաթղթեր կան սկսած 1899 թվականից։